ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի հատուկ տեսաուղերձում կուբացիներին «նոր ուղի» է առաջարկել՝ Վաշինգտոնի կողմից կղզու նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ քրեական մեղադրանքի առաջադրումից մի քանի ժամ առաջ․ գրում է Euronews-ը։
ABC News-ի փոխանցմամբ էլ՝ 94-ամյա Կաստրոյի դեմ մեղադրանքները կապված են 1990-ականներին միգրանտներին մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռների խոցման միջադեպի հետ, որի հետևանքով զոհվել է 3 ամերիկացի օդաչու։
Իսպաներեն դիմելով կուբացի ժողովրդին՝ Ռուբիոն մեղադրել է երկրի կոմունիստական ղեկավարությանը գողության, կոռուպցիայի և ճնշումների համար։
«Նախագահ Թրամփը նոր ուղի է առաջարկում ԱՄՆ-ի և նոր Կուբայի միջև․ նոր Կուբա, որտեղ դուք կունենաք իրական հնարավորություն ընտրելու, թե ով է կառավարելու ձեր երկիրը և քվեարկելու նրանց փոխարինելու օգտին, եթե նրանք լավ չկատարեն իրենց աշխատանքը», – ասել է Ռուբիոն, որի ծնողները կուբացի ներգաղթյալներ էին։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Հավանայի միջև լարվածությունը սրվել է վերջին ամիսներին, երբ ամերիկյան զորքերը ռազմական գործողության միջոցով տապալեցին Կուբայի դաշնակից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ապա էներգետիկ շրջափակում սահմանեցին արդեն իսկ տնտեսապես դժվարին վիճակում գտնվող կղզու նկատմամբ։