Լիոնել Մեսսին դարձել է միլիարդատեր

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, հրաժարվելով Սաուդյան Արաբիայի առաջարկած տարեկան 400 միլիոն դոլարանոց պայմանագրից, ընտրել է ամերիկյան Ինտեր Մայամի տեղափոխությունը։ Սակայն, ըստ Bloomberg-ի, նա, միևնույն է, դարձել է միլիարդատեր։

Bloomberg-ի հաշվարկներով՝ 2007 թվականից ի վեր 38-ամյա Մեսսին աշխատավարձի և բոնուսների տեսքով վաստակել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Իսկ ներդրումներից ու հովանավորչական պայմանագրերից ստացված եկամուտներով նրա կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։

Այդպիսով նա միացել է աշխարհի միլիարդատեր մարզիկների շարքին՝ իր վաղեմի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուի կողքին։

Մեսսիի երկրպագուներից շատերը զարմացած էին, երբ ԱԱ-2022-ում Արգենտինայի հաղթանակից հետո ֆուտբոլիստը հրաժարվեց տարեկան 400 միլիոն դոլար արժողությամբ շահավետ պայմանագրից, որը նրան առաջարկում էր Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան։ Փոխարենը նա որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»:

Մեսսին ավելի վաղ նշել էր, որ իր որոշման հիմքում փողը չի եղել․ «Եթե հարցը գումարը լիներ, ես կմեկնեի Սաուդյան Արաբիա»։

Bloomberg-ի տվյալներով՝ Մեսսիի տեղափոխությունից հետո «Ինտեր Մայամին» դարձել է ԱՄՆ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբը։ Ակումբում նրա տարեկան եկամուտը, ներառյալ բոնուսները, կազմում է 70-80 միլիոն դոլար։ Բացի այդ, պայմանագրի շրջանակում նա մասնաբաժին է ստանում Apple TV+-ի «MLS Season Pass» բաժանորդագրություններից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *