Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա


Հայաստան


Բոլոր հաշվարկներում մենք հաշվի ենք առել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացված ցուցանիշներ, այսինքն՝ բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան ըստ հաշվարկների՝ հիմնվելով իրենց ծանրաբեռնվածության և այն որակի վրա, որոնք կիրականացնեն: Դա է պատճառը, որ բազմաթիվ բուժաշխատողներ վերջին երեք ամիսների ընթացքում գրանցել են աշխատավարձերի բարձրացում: Այս մասին «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց  առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե ինչով է  պայմանավորված, որ որոշ բուժաշխատողների աշխատավարձերը չեն բարձրացել ծանրաբեռնվածությանը զուգահեռ: 

«Մենք շրջաբերական ենք պատրաստում, որպեսզի ավելի մանրամասն հասկանանք, չնայած այս երեք ամիսներին անընդհատ կապի մեջ ենք եղել բուժաշխատողների և բժշկական հիմնարկների հետ, թե ինչպես է պատահել»,- ասաց Նանուշյանը՝ հայտնելով, որ եղել են նաև թերի մուտքագրումներ, և դա է եղել պատճառը, որ աշխատավարձի բարձրացում որոշ դեպքերում չի նկատվել: 

Ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցված մտահոգությանը, փոխնախարարը նկատեց՝ իր համար տարօրինակ է, թե ինչպես է նա հաջողացրել «ընտրանքային եղանակով» մտնել այնպիսի սենյակներ, որտեղ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել:

«Ես զարմացած եմ, որովհետև մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում և բոլոր սենյակներում, բացի պոլիկլինիկաներում մեկ-երկու մասնագիտական կաբինետից, բոլորի մոտ գրանցվել է աշխատավարձի բարձրացում: Շատ զարմանալի է, թե ոնց հենց այդ երկուսը մտաք, մյուս սենյակները չմտաք կամ, օրինակ, քաղաքացիների հետ չխոսեցիք»,- նշեց Նանուշյանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *