Հիբրիդային հարձակումներ Եվրոպայից – Հրապարակ

Եվրամիությունը 12 միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի իշխանությանը: Օգնության նպատակն, ըստ հաղորդագրության, «Հայաստանում հիբրիդային սպառնալիքների կանխումը, ապատեղեկատվության դեմ պայքարը և կիբեռանվտանգության հզորացումն» է: Ֆինանսավորման մի մասն ուղղվել է պետական ինստիտուտներին, իսկ մնացած մասը՝ քաղաքացիական հասարակությանն ու մեդիա ոլորտին: Իսկ հիբրիդային սպառնալիքների աղբյուրը, ինչպես հայտնի է, Արտաքին հետախուզության ծառայության կողմից չանվանված պետությունն է: Ինչը չի խանգարում, որպեսզի բոլորս հասկանանք, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Եվրոպացիներն, իհարկե, հայաստանյան ծառայության նման «քաղաքավարի» չեն՝ հաշվի առնելով իրենց և ռուսների միջև առկա թշնամությունը: Եվ շատ ավելի անմիջական են իրենց զգացումներում: Բայց դա չի խանգարում, որպեսզի իրեն Պուտինի ընկեր կամ բարեկամ համարող Նիկոլն օգտվի այդ օգնությունից: Թեև իրականում, ինչպես բազմիցս է ասվել, ընդդեմ Հայաստանի ժողովրդի հիբրիդային պատերազմ է մղում առաջին հերթին Եվրամիությունը: Իսկ Հայաստանի ժողովրդի դեմ մղվող պատերազմը հենց Հայաստանի դեմ պատերազմ է:

Հիբրիդային պատերազմի նմուշ է այն տեղեկատվությունը, թե ռուսական հատուկ ծառայության ինչ-որ աշխատակցի հեռախոսում առկա է եղել Հայաստանի իշխանության դեմ հիբրիդային հարձակման սխեման: Ինչը բացահայտվել է հեռախոսի կոդը բացելու, այն է՝ չարտոնված մուտքի միջոցով: Պատկերացնո՞ւմ եք՝ այդ աշխատակիցը, չգիտես ինչու, որոշել է պետական կարևորության նյութը պահպանել ոչ թե գրասենյակային համակարգչում, այլ սեփական հեռախոսում: Իսկ այդ հեռախոսն էլ հաստատ եղել է ոչ թե չինական, այլ հարավ-կորեական կամ նույնիսկ ամերիկյան արտադրության սարք, որպեսզի թեթևացվեն կոդ բացելու ապօրինի ջանքերը:
Իսկ տեղեկատվության աղբյուրն էլ, բնականաբար, ռուսական ժամանակակից էմիգրացիոն լրատվամիջոցներն են, որ տեղակայված են Եվրոպայում: Այսպիսով, շրջանը փակվում է: Իսկ թե ինչ է նշանակում Եվրոպայում տեղակայված լինելը՝ ներկայացնեմ մեկ-երկու կոնկրետ օրինակով: Չեխական ավտոճանապարհներից մեկի վրա ռուսական եկեղեցու միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեևի ավտոմեքենայում օրերս հայտնաբերվում է պատկառելի քաշի արգելված ապրանք: Նրան ձերբակալում են, իսկ հետո, չնայած հետաքննությունը շարունակվում է, ազատ են արձակում: Կարծես թե ամեն ինչ նորմալ է, սակայն խնդիրն այն է, որ, նախ, ոստիկանական գործողությունը չի տեսաձայնագրվում: Եվ երկրորդ, միտրոպոլիտին էլ այդ պահին ինչ-որ առիթով () հրավիրել են ճանապարհամերձ սրճարան: Բերեմ մեկ այլ օրինակ. ռուսական վերահսկողության ներքո գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում բազմիցս ենթարկվել է հրթիռահարումների: Բայց ԱԷԿ-ի տարածքում ներկա գտնվող՝ ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) խմբի կողմից մինչ օրս պաշտոնապես բացահայտված չէ (՞՞՞) դրանց ծագման վայրը:

Գանք Հայաստան: Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Հովհաննես Իշխանյանն իր էջում ներկայացրել էր Փաստերի ստուգման հարթակի (FIP.am) շուրջ երկամյա գործունեության՝ 100 հրապարակում, հետազոտության արդյունքները: Դա կատարվել էր «Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ» վիրտուալ գործիքի միջոցով: Մանրամասների մեջ չմտնելով՝ ներկայացնեմ հիմնական եզրակացությունը. «Հրապարակումների շուրջ 69%-ը քաղաքական ազդեցության առումով համընկնում է իշխանության շահերի կամ նարատիվների հետ, մինչդեռ միայն 19%-ն է ուղղված իշխանության պնդումների քննադատությանը: Իշխանությանը քննադատող հրապարակումների առկայությունը ստեղծում է հավասարակշռության և անկախության տպավորություն, սակայն ընդհանուր բաշխվածությունը ցույց է տալիս հստակ անհամաչափություն»։

Մնացած 12 %-ն էլ կազմել են չեզոք կամ միջազգային թեմաներ: Ենթադրում եմ, որ 12-ից մեկը եղել է «Հրապարակ»-ում տողերիս հեղինակի հոդվածներից մեկը «սխալ հանելը»: Ինչը կատարվել էր՝ առանց հասկանալու, թե ինչի մասին էր խոսվել այդտեղ: Իսկ հոդվածում ամերիկյան ինքնաթիռաշինության «Բոինգ» կորպորացիայի օրինակով ասվել էր, որ բազմաթիվ տեխնիկական խնդիրների բախված «Բոինգ»-ը փոխել է աշխատակիցների ներգավման մարտավարությունը: Նախկինում դա եղել է ներառականությունը՝ հետին պլան մղելով թեկնածուների մասնագիտական կարողությունների հարցը: Ինչի հետևանքով էլ պատահել են բազմաթիվ վթարային իրադարձություններ: Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության հենց սկզբից աշխատանքի են ընդունել համապատասխան մասնագետների: Ինչը կարճ ժամանակ անց բարելավել է իրավիճակը: Այնինչ, FIP.am-ին թվացել է, թե վթարների ուղղակի պատճառը եղել է հենց ներառականությունը:

Ինչևէ, չեմ զարմանա, եթե հայտնի դառնա, որ FIP.am-ը եղել է այն կազմակերպությունների թվում, ովքեր գումար են ստացել Եվրամիության 12 միլիոնից: Կարծում եմ արդար կլինի, եթե հունիսի 7-ի իշխանափոխությունից հետո մեր նոր ղեկավարությունը հաշվետվություններ պահանջի բոլոր տիպի արմտյան դրամաշնորհներ ստացած կազմակերպություններից: Էլ չասած եվրոպական 12 միլիոնի շահառուների մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *