Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Արցախում ռուս խաղաղապահների մասով: Պարբերաբար հնարավոր է լսել, թե՝ նոյեմբերի 9-ի պայմանագրով Ռուսաստանը երաշխավոր էր, կամ անվտանգության պարտականություն ուներ, եւ այլն:
Ընկերներ, մի տվեք այդօրինակ պարզունակ մեկնաբանությունների: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երաշխավորություն կամ պարտավորություն բառերը ուղիղ վերաբերել են երկու պետության՝ Հայաստանին ու Ադրբեջանին: Ռուսաստանի վերաբերյալ չկա այդ երկու հասկացություններից եւ ոչ մեկը:
Ի՞նչ էր սա նշանակում: Սա նշանակում էր, որ Ռուսաստանը այդ փաստաթղթի իրականացման «արբիտրն» էր, իսկ իրականացման պարտավորությունները Հայաստանի ու Ադրբեջանի վրա էին: Իսկ ու՞մ էր ամենից շատ պետք, որ այդ փաստաթղթում գրվածը իրականացվի, որ չլինեն շեղումներ: Հայաստանին, որովհետեւ այդ փաստաթուղթն էր այն թելը, որից կառչելով հնարավոր էր պահպանել Արցախի հայկական մասը:
Բայց Հայաստանի իշխանությունը ոչ թե կառչել է այդ թելից, այլ՝ կտրել այդ թելը: Կտրել է գիտակցաբա՞ր, թե՞ սխալ հաշվարկով կամ պրիմիտիվ պատկերացումով, ապաշնորհությամբ: Սա չեմ կարող ասել, բայց՝ կտրել է: Ավելին, ես ամենեւին չեմ բացառում, որ կտրել է հենց Ռուսաստանի «հորդորով», երբ ուկրաինական պատերազմի բռնկումից հետո Մոսկվան որոշեց գործարքի գնալ Ադրբեջանի հետ: Հիշեցնեմ, Պուտինը Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ դաշնակցային հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի հետ: Ալիեւը հիմար չէր, որ գնար այդ իրավիճակում դառնար մի մարդու դաշնակից, որը հետո դառնալու էր այսպես ասած արեւմտյան իզգոյ:
Ալիեւը հիմար չէր, իսկ ահա Հայաստանի իշխանությունը՝ քաղաքականապես գտնվեց անգետ: Այդ անգիտությամբ, կամ պարզապես ապահովվեց ռուս-ադրբեջանական գործարքի ալիբին, որ եղավ 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային հռչակագրի տեսքով, կամ այդ ալիբին ապահովվեց դիտավորությամբ՝ միանգամայն գիտակցված ստանձնելով այդ դերակատարումը, ու հասցնելով այն մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 6՝ Պրահա: