«Վարորդներն ավտոբուս պիտի վարեն, ոչ թե ուղեվարձի հարց լուծեն՝ լեզվակռվի բռնվելով»․ Արշալույս Մղդեսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վարորդներն ավտոբուս պիտի վարեն, ոչ թե ուղեվարձի հարց լուծեն՝ լեզվակռվի բռնվելով»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «իշո՞ւմ եք՝ վերջերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստին զայրացել էր ուղեվարձերի թերհավաքագրման պատճառով։
     Ասեմ ձեզ՝ ջղայնությունը տեղ է հասել։ Բայց այս պահին միայն զայրույթը և դա հիմնականում հավելյալ նյարդ է մտցրել վարորդ-ուղևոր հարաբերություններում։
     Քիչ առաջ ավտոբուսում էի։
     Գրեթե ամեն երկրորդ կանգառում վարորդի հետ լեզվակռիվ է։ Ավելի ճիշտ՝ վարորդը շատ համբերատար խնդրում, հորդորում է բարձրանալ առջևի դռնով և վճարել՝ դրա դիմաց «թուքումուր» ուտելով որոշ ուղևորներից։ Դա հանգեցնում է նրան, որ ավտոբուսի մեջտեղի և հետևի դռները մի քանի վայրկյան ուշ են բացվում, ուղևորները մի քիչ ուշ են դուրս գալիս, ու «կինոն» պատրաստ է։
     «Դուռը բաց, արա՛, քեզ ասում եմ՝ դու՛ռը բաց»,- գոռաց մի անհամբեր, 50-ին մոտ տղամարդ։ Իսկ իջնելուց հետո մոտեցավ առջևի դռանն ու ցույց տվեց իր «շնորհքն» ամբողջ պերճանքով ու թշվառությամբ. 9-հարկանի ուշունց տվեց ու արագ չքացավ։
     Վարորդը պատասխանեց, բայց՝ քաղաքավարի։
     «Ի՞նչդ է պակաս, դեղի՞դ փողը, քթներիդ քաշելո՞ւ փողը»,- կանգառից 60-ին մոտ մի մարդ անհանգստացած «արտաթորեց» վարորդի հասցեին։ Վարորդն էլի պատասխանեց, բայց առանց լուտանքի ու հայհոյանքի։
     Սա 40 րոպեանոց երթևեկության բազմաթիվ մեծ ու փոքր անախորժ դրվագներից միայն երկուսն էր։
     Գուցե ես սխալվում եմ, բայց սա լուծում չէ, կամ գոնե արդյունավետության տեսանկյունից վիճելի լուծում է։
     Քիչ թե շատ զարգացած երկրներում վարորդներն ավտոբուս են վարում, ոչ թե ուղեվարձի հարց լուծում՝ ամեն երկրորդ կանգառում լեզվակռվի բռնվելով ուղևորների հետ։
     Նոր հեծանիվ պետք չէ հորինել. ուղղակի անհրաժեշտ են հատուկ այդ գործի համար աշխատող հսկիչներ, որոնք ոչ թե շաբաթը կամ ամիսը մեկ են շրջում քաղաքով, այլ ամեն օր, ըստ ռիսկայնության, ընտրում են գծեր ու ուղղություններ և ուժեղացված հսկողություն իրականացնում։
     Մարդը պիտի իմանա, որ օրենքն ու կարգն աշխատում են, և դրանց խախտումն անպայման, եթե ոչ այսօր, ապա վաղը, վրա է հասցնելու պատիժը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *