Կրքեր, երգեր, խուզարկություններ. Ինչպե՞ս անցավ քաղաքական ուժերի քարոզարշավը Գյումրիում

​Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, և քաղաքական ուժերի հիմնական «մարտադաշտերից» մեկը դարձել էր կոլորիտային Գյումրին։ Վերջին օրերին Գյումրու փողոցներն ու հրապարակները եռում էին. թեժ ելույթներ, փոխադարձ կշտամբանքներ, բազմամարդ հանրահավաքներ ու, իհարկե, զուտ գյումրրվա սրամիտ ու անկանխատեսելի դրվագներ։ Կարճ ամփոփենք, թե ինչպես անցավ քարոզարշավը Գյումրիում, ինչ թվեր գրանցվեցին և ինչով զարմացրին գյումրեցիները։

Ովքե՞ր եկան, ինչքա՞ն մարդ հավաքվեց և ի՞նչ խոստացան։

​Գյումրիի Վարդանանց հրապարակը հերթով հյուրընկալեց հիմնական քաղաքական դերակատարներին։
ՔՊ֊ն Վարդանանց հրապարակը լցնելու համար գործադրեց բոլոր ջանքերը ։

​Նիկոլ Փաշինյանն իր թիմով Գյումրիում էր դեռ քարոզարշավի մեկնարկային օրերին։ Օգտագործելով վարչական ողջ ռեսուրսը` Փաշինյանին հաջողվեց հրապարակը լցնել մոտ 5֊6 հզր քաղաքացիով։ Փաշինյանը Գյումրիում բավականին աղմկահարույց հայտարարություններ արեց՝ նշելով, որ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո անցնելու են Գյումրիին։​«Գյումրիում արտահերթ ընտրություններ են լինելու». Սա թերևս նրա ամենաաղմկահարույց հայտարարությունն էր։ Ինչպես կասեր ժողովուրդը` առուն թռի, նոր ասա հոպ։ Գյումրեցիների համար զարմանալի է, որտեղից նրան այդքան ինքնավստահություն Գյումրիի հարցում, երբ արդեն որերորդ անգամ է քաղաքը մերժում է իրեն։ Այստեղ էլ, ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք ։ Փաշինյանն ու իր թիմը Գյումրիում ջանք ու եռանդ չխնայեցին իրենց կողմից կալանավորված ընդդիմադիր քաղաքապետին քարկոծելու համար։ Նկատենք, սակայն, որ որքան էլ փորձեցին սևացնել քաղաքային իշխանությանը, գյումրեցիների մոտ հակառակ էֆեկտն ունեցավ, քանի որ ​«Ուժեղ Հայաստան» կուսակցության մայիսի 30-ի հանրահավաքին Վարդանանց հրապարակ էին եկել հազարավոր գյումրեցիներ` լսելու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը` ԱԱԾ մեկուսարանից։ Անդրադառնալով Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ անցկացված հանրահավաքին, նշենք, որ չնայած ԻՔՄ-ն հաշվարկել էր շուրջ 5300 մարդ, հավաքված բազմությունը գրեթե կրկնակի էր։ Իրենց ելույթներում իշխանություններին մեղադրում էին Գյումրիում իրական աշխատատեղեր չստեղծելու մեջ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, որ ոչ թե Վարդանանց, այլ Թատերական հրապարակում էր, ևս մարդաշատ էր, նախնական հաշվարկներով ներկա էր 2000֊3000 մարդ։ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում շեշտը դրեց անվտանգային, գոյաբանական խնդիրների և Արցախի էջը փակված չհամարելու թեզերի վրա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը, Գյումրիում ևս ակտիվ էր, իսկ նրանց հանդիպումները տարբերվում էին իրենց ավանդական, մարդամոտ ձևաչափով։ ԲՀԿ առաջնորդն իր ելույթներում հիմնական շեշտը դրեց սոցիալ-տնտեսական ծանր վիճակից քաղաքն ու մարզը դուրս բերելու վրա։ Ծառուկյանը հայտարարեց, որ դատարկ խոստումների ժամանակն անցել է, և իրենց թիմը գալիս է կոնկրետ ներդրումային ծրագրերով՝ բիզնեսին շնչելու հնարավորություն տալու, Գյումրիում արտադրություններ հիմնելու և երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն արտագաղթել։ Նա նաև անդրադարձավ խոցելի խմբերի աջակցությանն ու վարկային բեռի թեթևացմանը։ Հիշեցնենք, որ
Գյումրեցիների հետ հանդիպման հաջորդ օրը իրավապահները խուզարկություն սկսեցին նրանց գրասենյակներում և պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի առանձնատանը, ձերբակալեցին երկու անձի։

«Միասնության թևեր» կուսակցությունը` Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած ուժը, որն իր քարոզարշավը սիմվոլիկ կերպով սկսել էր Գոշավանքից՝ օրենքի ու արժանապատվության կարգախոսով, Գյումրիում ևս շեշտը դրեց անվտանգային ու իրավական հարցերի վրա։ Թաթոյանը բնակիչների հետ հանդիպմանը խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանության սահմանազատման քաղաքականությունը։ Նա նշեց, որ ներկա ձևաչափով ընթացող պրոցեսները վտանգում են երկրի կայունությունը, և եթե ամեն ինչ մնա այս մակարդակի վրա, ապա «սառույցին գրած նման» ոչ մի արդյունք չի լինի։ Ըստ նրա՝ միակ լուծումը միջազգային հանրության հստակ ճնշումներն ու իրավական ամուր հիմքերով բանակցություններն են։

Նա հայտարարեց, որ իրենց թիմի նպատակն է իրական, տեսանելի և գործնական քայլերով Գյումրին դարձնել Հայաստանի լիարժեք երկրորդ քաղաքը՝ հզոր ենթակառուցվածքներով, տնտեսական մեծ հնարավորություններով և արժանապատիվ կյանքի պայմաններով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, Գյումրիում հանդիպումներ ունեցավ քաղաքացիների հետ և հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Մարուքյանը ներկայացրեց իր կանխատեսումը. նա հայտարարեց, որ այս ընտրություններում ոչ մի քաղաքական ուժ չի կարողանալու հավաքել 50+1 տոկոս ձայն։ Ըստ նրա՝ նոր կառավարությունն ու վարչապետը ընտրվելու են բացառապես քաղաքական կոմպրոմիսների և կոալիցիաների արդյունքում, և հենց «Լուսավոր Հայաստանն» է լինելու այն հավասարակշռող ուժը, որը թույլ չի տա երկրում նոր միանձնյա դիկտատուրա կամ բախումներ ձևավորվեն։

Անդրադառնալով քարոզարշավների ամենահետաքրքիր, կոլորիտային դրվագներին` նշենք, որ Գյումրին առանց ինտրիգների ու յուրահատուկ հումորի Գյումրի չէր լինի։ Ի դեպ, քաղաքում ամենաշատը քննարկվեցին հենց այն դրվագները, որոնք դուրս էին պաշտոնական սցենարներից։

​Օրինակ Նիկոլ Փաշինյանի բակային ու փողոցային շրջայցերը Գյումրիի թաղամասերում այնքան էլ հարթ չանցան։ Համացանցում լայնորեն տարածվեց մի տեսանյութ, որտեղ տեղի բնակիչներից մեկին տեսնելով, վարչապետը հրաժարվեց շփվել հետը, ինչին քաղաքացին արձագանքեց. «Ինձ ճանաչեց ու փախավ»։ Նա դժգոհում էր, որ իրեն նպաստառու են սարքել՝ զրկելով աշխատելու մոտիվացիայից։ Գյումրեցիների աչքից չվրիպես նաև այն պահը, թե ինչպես Փաշինյանի թիմը գլխիկոր անցավ Միքայել Սրբազանի պատշգամբի տակից, երբ նրան տեսան այնտեղ կանգնած։ Մինչդեռ բոլոր քաղաքական ուժերը, որոնք Գյումրիում եղան, առանձնահատուկ լկանգառ արեցին թեմի առաջնորդարանի բակում, որպեսզի գոնե այդպես տեսնեն, ողջունեն սրբազանին ու օրհնություն ստանան ։

​Տպավորիչ էին նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ քաղաքական ելույթներին զուգահեռ մշակութային պոռթկումները։ Էդգար Ղազարյանը բեմից երգեց Գյումրու օրհներգը, իսկ փաստաբան ու թեկնածու Արամ Վարդևանյանը՝ հանրահայտ «Մեր Լեննագան, սիրուն քաղաք» երգը, ինչը տեղում աշխուժացրեց հավաքվածներին։

Ուշագրավ ու ջերմ դրվագ գրանցվեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության թիմում։ Գյումրիում քարոզարշավի ամենաթեժ պահին կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը չորրորդ անգամ հայր դարձավ, ինչը թերևս քարոզարշավի ամենաբարի նորությունն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *