
Տարիներ առաջ հանրահավաքների էի մասնակցում որպես լրագրող։ Անկեղծ ասած՝ ոչինչ չէի զգում։ Կենտրոնանում էի հարցազրույցների, ճանաչելի ու հետաքրքիր մարդկանց հետ զրույցների, տարբեր թեմաների վրա։ Որպես մարդ՝ չէի զգում այն էներգիան, այն ներքին լիցքը, որը բխում էր ժողովրդից։ Եվ շատ հաճախ սխալվում էի, որովհետև երբեմն մարդկանց մեծ քանակը ցուցիչ էի համարում։
Հետո հասկացա, որ հանրահավաքի իրական էներգետիկան զգալու և հասկանալու համար պետք է պարզապես դիտորդ չլինել։ Պետք է մասնակից լինել։ Պետք է մտնել ժողովրդի մեջ, քայլել նրանց շարքերում, զրուցել նրանց հետ։ Լսելը քիչ է։ Պետք է զգալ՝ ոչ թե մեկին, այլ քեզ շրջապատող հարյուրավոր ու հազարավոր մարդկանց։ Պետք է շնչել նույն օդը, կիսել նույն հույզը, նույն անհանգստությունն ու նույն հույսը։
Դա է կոչվում ժողովրդի էներգիան վայելել։ Այն էներգիան, որը քեզ զորացնում է, ոգեշնչում և միաժամանակ հուշում, թե ինչ ավարտ է ունենալու մարդկանց պայքարը՝ սեփական կյանքին, արժանապատվությանն ու հայրենիքին կառչած մնալու համար։
Երեկ ես վայելում էի իմ ժողովրդի էներգիան։
Ես տեսնում էի ոչ թե բազմահազար մարդկանց, այլ բազմահազար սրտեր։ Տեսնում էի ոչ թե ամբոխ, այլ կամք։ Ոչ թե հավաքվածների քանակ, այլ հավաքվածների հավատ։
Գիտե՞ք՝ ինչ էր դա հիշեցնում։ Հովհաննես Այվազովսկու ամենահայտնի կտավը՝ «Իններորդ ալիքը»։ Ալեկոծ ծով։ Նավաբեկյալ մարդիկ։ Եվ նրանց վրա սլացող ամենահզոր ալիքը՝ իններորդ ալիքը, որը սպառնում է վերջնականապես խորտակել նրանց։ Մարդիկ փորձում են փրկվել՝ խորտակված նավի վերջին մնացորդից՝ կայմից կառչած։ Այդ իններորդ ալիքն այսօր ինձ համար իշխանությունն է, որը փորձում է խորտակել երկիրը։ Նավը խորտակվում է։ Շատ բան արդեն կորցրել ենք։ Մնացել է միայն կայմը։ Բայց մարդիկ դեռ ողջ են։ Նրանք դեռ պայքարում են։ Դեռ չեն հանձնվել։ Դեռ կառչած են իրենց վերջին հենարանից։ Եվ ինչպես Այվազովսկու կտավում, այնպես էլ այսօր, ամենամութ տեսարանի մեջ անգամ հույսի լույս կա։ Կտավի տաք երանգները հուշում են, որ նավաբեկյալները կփրկվեն։
Կփրկվեն, որովհետև կառչած են կայմից։
Կառչած են վերջին կայմից։
Կառչած են հայրենիքից։
Եվ քանի դեռ բաց չեն թողել այդ կայմը, փրկության հնարավորությունը կենդանի է։
Երեկ ժողովրդի էներգետիկ դաշտն ինձ հենց դա էր ասում։
Նայում էի իմ առջևից քայլող պրոթեզներով երիտասարդներին, նայում էի հազիվ ոտքերը քարշ տվող տարեց մարդկանց, հետո հայացքս կանգ էր առնում խանդավառ երիտասարդների հոծ շարքերի վրա։
Բոլորն ուզում են փրկվել։
Բոլորն ուզում են ապրել արժանապատիվ երկրում։
Բոլորն ուզում են բաց չթողնել հայրենիքի կայմը և վեր բարձրանալ՝ ալիքներից վեր, հուսահատությունից վեր, պարտության զգացումից վեր։
Կողքիս մի տարեց կին էր։ Նա անպայման ուզում էր ձեռք բերել «Ուժեղ Հայաստան» գրառմամբ ճերմակ շապիկն ու գլխարկը և կրել։ Կողքին կանգնած տարեց տղամարդուն խնդրում էր, որ իր ձեռքին պահած շապիկներից մեկը իրեն տա։
Տղամարդը մեղավոր հայացքով պատասխանեց.
-Թոռնիկներիս համար եմ վերցրել, խնդրում եմ՝ ներեք, չեմ կարող տալ։
Այդ պահին մոտ կանգնած մի կրակ աղջիկ առանց վարանելու հանեց իր շապիկն ու մեկնեց կնոջը.
-Վերցրեք, ես հետո ինձ համար կվերցնեմ…
Տարեց կինը հագավ շապիկը իր հագուստի վրայից։ Եվ ես տեսա նրա ժպիտը։ Տեսա նրա մանկական ուրախությունը։ Տեսա, թե ինչպես այդ ժպիտը տարածվեց շուրջը՝ մարդուց մարդ, սրտից սիրտ։
Այդպիսի պահերին հասկանում ես, որ ժողովուրդը միայն քաղաքական կատեգորիա չէ։ Ժողովուրդը կենդանի օրգանիզմ է։ Զգացողություն է։ Հավատ է։ Փոխանցվող ուժ է։
…Ու հիմա փորձում են վախեցնել այդ մարդկանց։
Փորձում են վախեցնել նրանց, ովքեր արդեն հասկացել են, որ հայրենիքի կայմը բաց թողնելու իրավունք չունեն։
Հանրահավաքի բազմամարդությունը ցնցել է «իններորդ ալիքին»։ Դրա համար էլ խուզարկում են, ձերբակալում, ճնշում, սպառնում։
Բայց ո՞ր խելամիտ մարդը կթողնի իր կյանքի փրկության կայմը։
Ո՞վ կբացի ձեռքերը, երբ ալիքը հենց իր վրա է գալիս։
Ո՞վ կհրաժարվի վերջին հույսից։
Թերևս ոչ ոք։
Կարո՞ղ եք վախեցնել այս ժողովրդին։ Ո՛չ։