ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները

ՄԱԿ Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) 35-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է «Պատժողական քրեակատարողական համակարգերից դեպի ռեաբիլիտացիա. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փորձը» խորագրով հարակից միջոցառումը, որը կազմակերպվել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի (UNODC) կողմից Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի հետ համագործակցությամբ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: 

Միջոցառման շրջանակներում Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Ռուբինա Մխիթարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառություններին համահունչ վերջին տարիներին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացված բարեփոխումները՝ շեշտադրելով պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման գաղափարախոսության անցումը։ 

Ռուբինա Մխիթարյանը ներկայացրել է ինչպես քրեական արդարադատության ոլորտի նոր օրենսդրության առանցքային կողմերը, այնպես էլ գործնականում դրանց հիման վրա իրականացված քայլերը՝ անձի ռիսկերի և կարիքների գնահատման, պատժի անհատական պլանավորման, վերասոցիալականացմանը նպաստող բազմաթիվ միջոցառումների ձեռնարկման և այլ ուղղություններով։ 

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի (UNODC) հետ առկա համագործակցությանը և դրա շարունակականության ապահովման անհրաժեշտությանը։ 

Պանելային քննարկմանը ելույթով են հանդես եկել նաև Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ 

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակության անդամները Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, Ներքին գործերի նախարարությունից և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *