Մոտ 55 հազար տարի առաջ նեանդերթալցիները կարող էին հասած լինել մինչև Արաբական թերակղզու խորքերը։ Այս եզրահանգմանն են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով Սաուդյան Արաբիայի տարածքում հայտնաբերված քարե գործիքները։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Quaternary Science Reviews ամսագրում։
Մասնագետները հետազոտել են Նեֆուդ անապատի հնագույն լճի հարևանությամբ գտնվող Ջեբել Կատեֆեհ-1 հնագիտական վայրի գտածոները։ Արաբական թերակղզում նեանդերթալցիների ոսկորներ դեռևս չեն գտնվել, փոխարենը գիտնականները փորձել են պարզել, թե ով է պատրաստել այստեղ հայտնաբերված գործիքները։
Քարե շեղբերի ձևն ավելի մոտ է եղել նեանդերթալցիներին բնորոշ գործիքներին, քան Homo sapiens-ի պատրաստածներին։ Հետազոտողները համեմատել են Արաբիայի, Լևանտի և Աֆրիկայի հյուսիս-արևելյան տարբեր հուշարձաններից հայտնաբերված հարյուրավոր քարե շեղբեր և վիճակագրական մոդելի միջոցով որոշել, թե որ խմբերն են մեծ հավանականությամբ պատկանել նեանդերթալցիներին, և որոնք՝ ժամանակակից մարդկանց։ Վերլուծությունը ցույց է տվել, որ Ջեբել Կատեֆեհ-1-ի և մոտակա կայանատեղիի գործիքները, ամենայն հավանականությամբ, պատրաստել են հենց նեանդերթալցիները։
Լրացուցիչ թվագրումը թույլ է տվել պարզել, որ մարդիկ այստեղ եղել են մոտ 55 հազար տարի առաջ։ Գործիքները գտել են այն շերտում, որտեղ անապատի հնագույն ավազները փոխարինվում էին լճի ավելի երիտասարդ նստվածքներով։ Սա նշանակում է, որ նեանդերթալցիները տարածաշրջան են եկել այն ժամանակահատվածում, երբ կլիման սկսել է ավելի խոնավ դառնալ։
Մինչ այս կայանատեղին թվագրվում էր ավելի լայն միջակայքով՝ 90-ից 50 հազար տարի առաջ։ Նոր հետազոտությունը զգալիորեն կրճատել է այդ ժամանակահատվածը։
Գիտնականների կարծիքով՝ կլիմայի փոփոխությունը կարող էր դրդել նեանդերթալցիներին շարժվել դեպի Արաբիայի խորքերը։ Երաշտի շրջանից հետո անապատում վերստին լիճ է գոյացել, իսկ շրջակայքը սկսել է կանաչել։ Բուսականության հետ մեկտեղ այստեղ կարող էին հայտնվել խոտակեր կենդանիների հոտեր, իսկ նեանդերթալցիները, ամենայն հավանականությամբ, հետևել են նրանց։
Ավանդաբար համարվում էր, որ նեանդերթալցիները հիմնականում Եվրոպայի ցուրտ շրջանների բնակիչներ են եղել։ Սակայն վերջին տարիների հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ նրանք շատ ավելի հեռու են գնացել դեպի արևելք և հարավ՝ ընդհուպ մինչև Սիբիր և Մերձավոր Արևելք։ Նոր աշխատությունը կարող է էլ ավելի ընդլայնել նրանց բնակության հայտնի տարածքը։
Միևնույն ժամանակ, հետազոտողները ընդգծում են, որ վերջնական ապացույցներ դեռևս չկան։ Արաբիայում նեանդերթալցու ոչ մի ոսկոր չի հայտնաբերվել, իսկ եզրակացությունը հիմնված է միայն քարե գործիքների առանձնահատկությունների և դրանց թվագրման վրա։
Հետազոտության հեղինակները նաև մատնանշում են աճյունների պահպանվածության խնդիրը․ Արաբական թերակղզու տաք կլիմայական պայմաններում ոսկորները և հնագույն ԴՆԹ-ն շատ վատ են պահպանվում։