ՔՊ-ական կարկառուն դեմքերից մեկը տարիներ առաջ հայտարարեց, թե Աղդամն իր հայրենիքն է, հետո էլ ասաց, թե սխալվել է։ Ժողովուրդ ջան, չի՛ սխալվել․ Աղդամն իր հայրենիքին է ու համախմբված այդ մարդուն պետք է ուղարկենք իր հայրենիք․ Սևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքն իր հայրենիքը լինելու մասին հայտարարել էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը 2020-ի սեպտեմբերի 23-ին։ Նրանից մեկ տարի առաջ էլ Պաշտպանության նախարար (այն ժամանակ ՏԿԵ նախարար) Սուրեն Պապիկյանն էր սոցցանցում նման գրառում արել։ Ալեն Սիմոնյանը 5 տարի անց հայտարարել էր, թե սխալվել՝ նման բան ասելով։
Քոչարյանի գնահատականով՝ իշխանությունն արել է ամեն ինչ, որ քարոզարշավը դառնա թույնով լցված գործընթաց՝ ստով, կեղծիքով և ատելության խոսքով։
«Եվս մեկ անգամ փորձեցին բաժանել մեր ժողովրդին, թշնամացնել իրար․ ընտրություններից հետո պետք է սկսենք հակառակ պրոցեսն ու վերանորոգենք մեր երկիրը։
Բայց իրենք երկիրը թունավորելով ու երկրի վրա թույն լցնելով չեն բավարարվում ու այժմ մեզ տեղադրել են ՌԴ-ԵՄ հակասության կենտրոնում»,- նշեց ՀՀ 2-րդ նախագահը։
Ըստ նրա՝ իշխանությունն այժմ Հայաստանի համար ընտրել է այնպիսի ուղի, որ հանգեցնելու է Սահակաշվիլիի ժամանակների Վրաստանի ճակատագրին