Բրիտանիայում անտառային հրդեհների վերաբերյալ արտակարգ նախազգուշացումը վտանգի տակ է դրել ընտանեկան բռնության զոհերին

Անգլիայում և Ուելսում անտառային հրդեհների բարձր վտանգի մասին զանգվածային արտակարգ ծանուցումը կարող էր բացահայտել գաղտնի հեռախոսները, որոնցից օգտվում են ընտանեկան բռնության զոհերը, նախազգուշացրել են իրավապաշտպան կազմակերպությունները, հայտնում է BBC News-ը։

Ուրբաթ երեկոյան միլիոնավոր բնակիչներ իրենց բջջային հեռախոսներին ստացան բարձրաձայն ծանուցում՝ ամբողջ երկրում «անտառային հրդեհների շատ բարձր ռիսկի» մասին նախազգուշացմամբ։

Այս հաղորդագրությունը դարձավ բրիտանական արտակարգ ծանուցման համակարգի ամենախոշոր կիրառումը։

Սակայն իշխանությունները նախապես գրեթե չէին զգուշացրել բնակչությանը այս ուղարկման մասին։ Դա մտահոգություն է առաջացրել ընտանեկան բռնության զոհերին օգնող կազմակերպությունների շրջանում. նրանցից շատերը օգտագործում են երկրորդ, թաքցված հեռախոս՝ գաղտնի կապ հաստատելու հարազատների, սոցիալական ծառայությունների կամ օգնություն տրամադրող կազմակերպությունների հետ։

Women’s Aid բարեգործական կազմակերպությունում հայտարարել են, որ նման հեռախոսները չափազանց կարևոր է գաղտնի պահել, քանի որ հանկարծակի բարձր ձայնային ազդանշանը կարող է գրավել ագրեսորի ուշադրությունը։ Ակտիվիստները կառավարությանը կոչ են արել հնարավորության դեպքում նախապես զգուշացնել նման ծանուցումների մասին և հաշվի առնել առավել խոցելի խմբերի համար առկա ռիսկերը։

Կառավարությունում հայտարարել են, որ ծանուցումն ուղարկվել է հրշեջ-փրկարարական ծառայությունների անմիջական խնդրանքով։ Այդ օրը երկրում մարվել է 43 անտառային հրդեհ, իսկ 11 դեպքում հայտարարվել են արտակարգ իրավիճակներ։ Իշխանություններն ընդգծել են, որ համակարգը նախատեսված է բնակչությանը կենսականորեն կարևոր տեղեկատվություն փոխանցելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *