«Հրապարակ». 8 տարվա վարչապետը ոչ միայն մաթեմատիկա, տարրական թվաբանություն էլ չգիտի

Տավուշի մարզում քարոզչություն անելիս Նիկոլ Փաշինյանը, որպես իր իշխանության ձեռքբերում, ներկայացրել է մարզի սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ, վարկային միջոցներով կառուցված առանձնատները: Մայիսի 30-ին Իջեւան համայնքի Սեւքար գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ նա հայտարարել է․ «Ուրախ ենք, որ էս նախընտրական քարոզարշավն անցնում ա բոլորովին ուրիշ տրամադրությամբ, քան մենք նախկինում ունեցել ենք։ Եվ շատ կարեւոր եմ համարում արձանագրել, թե ինչով ենք մենք եկել ձեզ մոտ այս նախընտրական քարոզարշավին։ Սեւքարում մասնավորապես 197 տուն է հաստատված՝ 16 միլիոնի ծրագրով։ Եվ, ընդհանրապես, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 1931 տուն է կառուցվում՝ 16 միլիոն դրամի ծրագրով, եւ ըստ էության մենք արձանագրում ենք հետեւյալը՝ 60 հատ 9 հարկանի շենք ա, որ կառուցվում ա այս պահին՝ պետական բյուջեի հաշվին»։
Ն․ Փաշինյանը «Երեկոն Շանթում» հաղորդման ժամանակ էլ ասել է, որ դպրոցում իր սիրած առարկան աշխարհագրությունն է եղել, ինքը մաթեմատիկայի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Բայց պարզվում է` նա ոչ միայն մաթեմատիկայի, այլեւ՝ տարրական թվաբանության հետ կապված խնդիրներ ունի։ Ենթադրենք, որ նրա նշած 9 հարկանի բնակելի շենքերը մեկ մուտքով են, ավելի փոքր թվով բնակարաններով։ Մեկ հարկում կա 6 բնակարան, 9 հարկանի շենքում՝ 54։ 60 հատ 9 հարկանի շենքում բնակարանների թիվը կլինի 3 հազար 240։ Տավուշում կառուցվում է 1931 տուն, 3 հազար 240-ը շատ մեծ է 1931-ից։ 8 տարի վարչապետի պաշտոնում գտնվածը դա չգիտի, Սեւքարում նա սխալ տեղեկություն է հայտնել։ Տավուշի սահմանամերձ գոտու բնակիչներից բազում բողոքներ եմ ստացել, որ պետական աջակցությամբ բնակարանաշինության այդ ծրագիրը բանկերի միջոցով է իրականացվել, այդ պատճառով տնազուրկ, սակայն վարկային վատ պատմություն ունեցող շատ ընտանիքներ չեն կարողացել օգտվել ծրագրից։

Իջեւանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակչուհին ինձ հայտնեց, որ 5 երեխայի մայր է, տուն չունի, իրենց ընտանիքի վարկային վատ պատմության պատճառով չեն կարողացել օգտվել ծրագրից, սակայն ուրիշ տեղերում ապրող բանկային աշխատողներն այդ ծրագրով Այգեհովիտում տներ են կառուցել։ Այդ ծրագրով կառուցված՝ բանկային աշխատողների առանձնատներ կան Կիրանցում, Կողբում, Տավուշի սահմանամերձ այլ գյուղերում։ Սահմանամերձ Սարիգյուղում երեւանցիներն այդ ծրագրով 5 տուն են սարքել, սարիգյուղացիներն այդ մարդկանց դեմքով չեն ճանաչում։ Այլ տեղերի բնակիչները սահմանամերձ գյուղերում նշված ծրագրով տները կառուցել են որպես ամառանոցներ։ Սահմանամերձ Բերքաբերում այդ ծրագրով հաստատվել է 98 տան շինարարություն, որից միայն 20-ն է այժմ կառուցված, քչերը՝ բնակեցված։ Բերքաբերից հայտնեցին, որ այդ 98 տների մեծամասնությունը պատկանում է արմատներով Բերքաբերից կամ գյուղի հետ բարեկամական կապեր ունեցող Իջեւանի, Երեւանի, այլ բնակավայրերի բնակիչներին։ Մայիսի 14-ին Տավուշի մարզպետարան տեղեկատվական հարցում եմ արել․ «16 եւ 21 միլիոն դրամ արժեքով որքա՞ն առանձնատուն է կառուցվել, դրանցից քանիսի՞ շինարարությունն է ընթացքի մեջ, այդ տներից քանի՞սն է այժմ փաստացի բնակեցված, մարզի որ համայնքում քանի տուն է կառուցվում»:

Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Առաջարկում ենք դիմել Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետարաններին կամ լիազոր պետական մարմնին»։ Տավուշի մարզպետարանը պետք է հայտներ, թե որն է այդ խնդրով պետական լիազոր մարմինը։ Ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Փաշինյանը հպարտանում է Տավուշի մարզում պետական, վարկային աջակցությամբ կառուցված տներով, իսկ կառավարության տարածքային ստորաբաժանում հանդիսացող Տավուշի մարզպետարանում մարզում այդ ծրագրի իրականացման վերաբերյալ տվյալներ չունեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *