Ապրիլի 18-ին Երևանում կկայանա AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ կմեկտեղի ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին, գործարարներին և բոլոր նրանց, ովեր հետաքրքված է ԱԲ հայկական հեռանկարով։
Կազմակերպչական հանձնաժողովի այսօր կայացած ամփոփիչ հանդիպման ընթացքում տրվեց պաշտոնական հետհաշվարկը։ Տեխնոլոգիական համայնքում ընդունված ավանդույթի համաձայն՝ հանձնաժողովի ղեկավարները՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) տնօրեն Սարգիս Կարապետյանը, Krisp ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը և ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ստորագրեցին AI Conf 2026-ի առաջին պաշտոնական պաստառը։
Այսօր հաստատված օրակարգի շուրջ AI Conf համաժողովը «Մայր ԲՈՒՀ»-ի հարկի տակ մեկտեղելու է ոլորտի առաջնորդներին՝ վերաիմաստավորելու արհեստական բանականության ասպարեզում վերջին տարում Հայաստանում տեղի ունեցած բեկումնային փոփոխությունները։ Միջոցառմանը հանդես կգա ավելի քան 20 առաջատար բանախոս պետական և մասնավոր հատվածներից:
AI Conf-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ով հանդես կգա «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։
Հատուկ հյուրերի շարքում է Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը՝ «Արհեստական բանականության հայկական դոկտրին» բանախոսությամբ։
Հանդիսատեսի համար AI Conf-ի մուտքը, ինչպես և նախորդ տարիներին, ազատ է, և այս տարի ակնկալվում է ռեկորդային հոսք՝ շուրջ 2000 մասնակից։ Համաժողովի դահլիճն ամբողջությամբ տրամադրվելու է երիտասարդ գիտնականներին, ուսանողներին, տեխնոլոգիական ձեռներեցներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է ԱԲ հայկական հեռանկարը։
Վերջին տարիներին Հայաստանը գերհամակարգիչների և GPU ենթակառուցվածքների առումով արձանագրել է աննախադեպ աճ։ Մեկնարկած ներդրումային ծրագրերի բարեհաջող ընթացքի դեպքում արդեն հաջորդ տարի Հայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկը։ Եվ գալիք AI Conf Armenia-ն մեծապես միտված է սրընթաց այս աճը վերաիմաստավորելուն և երկրի զարգացմանը ծառայեցնելու ուղիներ որոնելուն։
Համաժողովի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամը (YerevanN), Krisp ընկերությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE)։