Գիտնականները գտել են ինքնաթիռի ուղևորներին 11 րոպեում իրենց տեղերը նստեցնելու միջոցը

Ինքնաթիռ նստելու գործընթացը նույնիսկ 2026 թվականին շարունակում է մնալ ավիափոխադրումների ամենախնդրահարույց փուլերից մեկը. չնայած տեխնոլոգիաների զարգացմանն ու լոգիստիկայի օպտիմալացմանը՝ ուղևորների նստեցման ժամանակն անվերջ երկարում է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե 1970-ականներին ինքնաթիռ բարձրանալը տևում էր մոտ 15 րոպե, ապա այսօր այդ գործընթացը հաճախ ձգվում է մինչև 40 րոպե։

Որպես հիմնական պատճառներ նշվում են սակագնային տարբեր խմբերի ու արտոնյալ գոտիների առատությունը, նստեցման բարդացված համակարգերը, ինչպես նաև ուղեբեռի խցիկներում սահմանափակ տեղի համար ուղևորների միջև ընթացող «պայքարը»։

Popular Science-ի փոխանցմամբ՝ Ֆլորիդայի համալսարանի գիտնական Ադամ Ջեյքոբսը մշակել է Airbus A320neo (186 ուղևորի համար նախատեսված) ինքնաթիռի նստեցման համակարգչային մոդելավորում, որը թույլ կտա պարզել և համեմատել համար տարբեր մոտեցումների արդյունավետությունը։

Մոդելավորման ընթացքում փորձարկվել է երեք տարբերակ՝ պատահական հերթականությամբ նստեցում, «հետևից առաջ» սկզբունքը և Ստեֆենի մեթոդը, որի դեպքում ուղևորներն ինքնաթիռ են բարձրանում ըստ հերթականության՝ սկսելով պատուհանի մոտի նստատեղերից:

Փորձարկումը ցույց է տվել, որ ամենաարագը Ստեֆենի մեթոդն է. այն տևել է ընդամենը 11 րոպե 16 վայրկյան: Պատահական հերթականությամբ նստեցումը պահանջել է մոտ 17 րոպե 59 վայրկյան, մինչդեռ ավանդական «հետևից առաջ» սխեման անհամեմատ ավելի դանդաղ է ստացվել՝ ձգվելով շուրջ 31 րոպե:

Հետազոտության տվյալներով՝ պատահական նստեցումն արդյունավետ է նրանով, որ ուղևորները հավասարաչափ են բաշխվում սրահով մեկ, ինչի շնորհիվ անցումներում խցանումներ չեն առաջանում: Միևնույն ժամանակ (ավիաընկերությունների կողմից լայնորեն կիրառվող) ըստ գոտիների կամ հերթով նստեցնելու տարբերակները ժամանակի զգալի տնտեսում չեն ապահովում:

Փորձագետների կարծիքով՝ պրոցեսը դանդաղեցնող գլխավոր պատճառներից մեկը ձեռքի ուղեբեռի խցիկներում ազատ տեղ գտնելու «կռիվն» է։ Այն բանից հետո, երբ ավիաընկերությունները հիմնական ուղեբեռի հանձնումը դարձրին վճարովի, ուղևորները սկսեցին ավելի շատ իրեր վերցնել հենց օդանավի սրահ։ Արդյունքում վերևի դարակները գերբեռնվում են, իսկ իրերը տեղավորելու վրա ավելի շատ ժամանակ է ծախսվում։

Աստղաֆիզիկոս Ջեյսոն Ստեֆենի կողմից դեռ 2005 թվականին առաջարկված մեթոդը տեսականորեն բացառում է ուշացումները, քանի որ մարդիկ անցումներում իրար չեն խանգարում։ Սակայն գործնականում այն կիրառելը բավականին բարդ է կազմակերպչական խնդիրների պատճառով․ մարդիկ ստիպված կլինեն առանձնացնել իրար հետ ճամփորդող ընտանիքներին ու խմբերին, հաշվի չեն առնվի նաև ուղևորների վարքագծային գործոնները։

Բացի այդ, մի շարք փորձագետներ նշում են, որ ավիաընկերություններն իրականում շահագրգռված չեն նստեցման գործընթացը հիմնովին պարզեցնելու հարցում։ Պատճառն այն է, որ առաջնահերթ գոտիներն ու առաջինը բորտ բարձրանալու հնարավորությունը դարձել են լրացուցիչ եկամուտի աղբյուր, որոնք ընկերությունները պարզապես վաճառում են ուղևորներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *