ԱՄՆ Արկանզաս նահանգի դատարանը կարճել է սպանության վերաբերյալ քրեական գործը Աարոն Սփենսերի դեմ, որը 2024 թվականի հոկտեմբերին գնդակահարել էր մի տղամարդու, որին մեղադրում էին նրա 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ, հայտնում է NBC News-ը։
Հատուկ շրջանային դատարանի դատավոր Ռալֆ Ուիլսոն կրտսերը որոշել է հանել երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքը այն բանից հետո, երբ պարզվել է, որ իրավապահ մարմինները ոչ պատշաճ կերպով են վարվել առանցքային ապացույցների հետ։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ խախտումներն այնքան լուրջ էին, որ զրկել են մեղադրյալին լիարժեք պաշտպանության հնարավորությունից։
Զոհը 67-ամյա Մայքլ Ֆոսլերն էր, որին մահից մեկ ամիս առաջ մեղադրանք էր առաջադրվել սեռական բնույթի հանցագործությունների 43 դրվագով, որոնք կապված էին Սփենսերի դստեր հետ։ Չնայած մեղադրանքներին՝ Ֆոսլերը գրավի դիմաց ազատության մեջ էր գտնվում։
Գործի նյութերի համաձայն, հոկտեմբերի 8-ի գիշերը Սփենսերը նկատել է, որ իր դուստրը ննջարանում չէ, և ավելի ուշ նրան գտել է Ֆոսլերի ավտոմեքենայում։ Հետապնդման ընթացքում նա բախվել է կասկածյալի մեքենային, որից հետո, ըստ նրա, հրամայել է տղամարդուն դուրս գալ։ Սփենսերը քննիչներին հայտնել է, որ կրակ է բացել այն բանից հետո, երբ Ֆոսլերը նետվել է իր վրա։
Գործում առանցքային հանգամանք է դարձել զոհվածի ավտոմեքենայում գտնվող տեսագրիչի հիշողության քարտի և տեսագրությունների անհետացումը։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ տեսագրությունը կարող էր հաստատել Սփենսերի վարկածը և ցույց տալ տեղի ունեցածի հանգամանքները, այդ թվում՝ նրա դստեր ներկայությունը մեքենայում։
Դատարանը համաձայնել է պաշտպանության փաստարկների հետ և եկել այն եզրակացության, որ ապացույցների կորուստը լրջորեն խախտել է մեղադրյալի՝ արդար դատաքննության իրավունքը։
Այս պատմությունը լայն հասարակական արձագանք է ստացել Արկանզասում և նկատելի դեր է խաղացել Սփենսերի քաղաքական կարիերայում։
Դեպքից հետո նա առաջադրել է իր թեկնածությունը Լոնոկ շրջանի շերիֆի պաշտոնի համար և մարտին հաղթել է Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում։
Այժմ, մեղադրանքների հանվելուց հետո, նա կկարողանա շարունակել մասնակցությունը նոյեմբերին նշանակված ընտրություններին։ Մեղադրական դատավճռի դեպքում նրա թեկնածությունը ինքնաբերաբար կհանվեր։