Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջիկա գործունեությանը և ընդգծել, որ պետք է ակտիվ աշխատել, ամփոփել նախորդող շրջանում արվածը և պլանավորել առաջիկա անելիքները մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Վարչապետը կարևորել է, մասնավորապես՝ ճանապարհաշինության, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շարունակականության ապահովումը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել երեխաներին տրված խոստումների իրականացմանը՝ դպրոցների, մարզադպրոցների, արվեստի դպրոցների, խաղահրապարակների հետ կապված։
Հաջորդ ուղղությունը, ըստ վարչապետի, ամեն բնակավայրում 3 առաջնահերթ խնդիրների վերաբերյալ որոշում ընդունելն է։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ այդ հարցը վարչական ղեկավարները քննարկեն բնակիչների հետ։ Վարչապետը տեղեկացրել է, որ այդ նպատակով ամառվա ընթացքում պլանավորում է բոլոր մարզերում իրականացնել աշխատանքային քննարկումներ՝ թեմաների հետ առնչվող Կառավարության անդամների, մարզպետների, համայնքների վարչական ղեկավարների մասնակցությամբ։ «Մեզ հիմա հարկավոր է, որպեսզի այդ խորհրդակցությունների արդյունքում իրար հետ որոշենք յուրաքանչյուր բնակավայրի այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք առաջիկայում պետք է լուծենք, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմով և այդպես շարունակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ուրախությամբ հավելել, որ այս տարի գրեթե բոլոր համայնքները ներկայացրել են այնքան սուբվենցիոն ծրագիր, ինչքան նախորդ 8 տարիների ընթացքում են իրականացրել։
Վարչապետը նախատեսվող բոլոր այդ ծրագրերն իրականացնելու համար մեկ անգամ ևս կարևորել է քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոններ պահանջելը. «Մենք պետք է նաև դրանով որոշակի քաղաքականություն վարենք, և մեր բնակիչները, քաղաքացիներն այս շրջապտույտի էությունը պետք է հասկանան, թե ոնց է աշխատում պետությունը։ Այսինքն` հարկեր են գեներացվում, բյուջե է գալիս, բյուջեից հետ է գնում, դառնում է փողոց, լուսավորություն, դպրոց, մանկապարտեզ»։
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև բիզնես միջավայրի բարելավմանը, միկրոբիզնեսի ոլորտում նախատեսվող բարեփոխումներին և, մասնավորապես, ընդգծել. «Մենք շատ մեծ արտոնյալ դաշտ ենք ստեղծում, բայց պետք է նաև մեխանիզմներ ստեղծենք, որ այդ արտոնյալ դաշտը չչարաշահվի, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ սովորաբար արտոնյալ դաշտերը չարաշահվում են, և մենք մեր նպատակից շեղվում ենք իրականում՝ ուզում ենք օգնել, աջակցել փոքր բիզնեսին, բայց պարզվում է, որ այդտեղ տեղավորվում և ուղղակի այդ արտոնությունը չարաշահում են»։
Վարչապետն առաջիկա 5 տարիների առաջնահերթություններից է համարել հանրապետությունում ջրային ոլորտի կագավորումը և այդ համատեքստում ընդգծել «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքն ու ներդրումների ուղղությունները որոշելու կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կոշտ թափոնների կառավարման նոր համակարգի ներդրմանը, էներգետիկ վերափոխման թեմային, որը վերաբերում է էներգիայի ստեղծման և օգտագործման նոր ձևերին, պետական բյուջեի եկամուտների հավաքագրմանը և այլն։
Երկրի ղեկավարը ներկայացված ոլորտային հարցերի վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ և կարևորել բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը և հստակ ժամկետների սահմանումը։