
ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը․ «Մենք բազմիցս զգուշացրել էինք, որ այս ընտրությունները չեն լինելու գաղափարների, ծրագրերի և ժողովրդի ազատ կամարտահայտության մրցակցություն։ Ցավոք, մեր մտահոգությունները հաստատվեցին։
Մեր համոզմամբ՝ իշխանական լծակների, վարչական ռեսուրսի, ճնշումների, վախի մթնոլորտի և ընտրակաշառքի միջոցով փորձ է կատարվել փոշիացնել ԴՕԿ Կուսակցության իրական ձայները՝ դրանք ուղղորդելով այլ քաղաքական ուժերի, որպեսզի հանրությանը ներկայացվի կեղծ պատկեր, թե իբր ԴՕԿ Կուսակցությունը չի վայելում ժողովրդի վստահությունը և չի հաղթահարում նույնիսկ նվազագույն շեմը։
Սակայն մենք երբեք չենք պայքարել պարզապես խորհրդարան մտնելու համար։ Մեր նպատակը եղել և մնում է մեկ՝ ձևավորել ազգային իշխանություն, ազատել Հայաստանը թե՛ ներկաների, թե՛ նախկինների, թե՛ օլիգարխիկ համակարգի գերությունից և վերադարձնել իշխանությունը ժողովրդին։
ԴՕԿ Կուսակցությունը լրջագույն կասկածի տակ է դնում այս ընտրությունների լեգիտիմությունը։ Մեզ համար ակնհայտ է, որ նախապես ծրագրված քաղաքական գործընթացի միջոցով փորձ է արվել պահպանել նույն համակարգը՝ փոխելով միայն դերակատարներին։ Ժողովրդին կրկին առաջարկվել է կեղծ ընտրություն՝ ներկաների և նախկինների միջև, մինչդեռ իրական այլընտրանքի դեմ կիրառվել են բոլոր հնարավոր մեխանիզմները։
Ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումները, ընտրողների կամքի վրա անթույլատրելի ազդեցությունները, վարչական ռեսուրսի կիրառումը և ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված հարյուրավոր քրեական վարույթները վկայում են, որ տեղի ունեցածը չի կարող համարվել ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունք։ Այդ խախտումները կրել են համակարգային բնույթ և էական ազդեցություն են ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։
Հետևաբար, ԴՕԿ Կուսակցությունը, Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր քայլերը՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու և դրանք անվավեր ճանաչելու նպատակով, այդ թվում՝ դիմելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան։
Մենք պարտվել չենք կարող, որովհետև չենք վաճառել մեր խիղճը, չենք դավաճանել մեր սկզբունքներին և չենք լքել մեր ժողովրդին։ Պայքարը շարունակվում է։
Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, թե կարելի է կեղծ թվերով ջնջել ժողովրդի իրական կամքը, ապա նա չի ճանաչում ո՛չ հայ ժողովրդին, ո՛չ էլ այն ուժը, որը ծնվում է արդարության համար պայքարից։
Ճշմարտությունը կարելի է ժամանակավորապես թաքցնել, բայց անհնար է պարտության մատնել։
Պայքարը նոր է սկսվում ու մենք տեր ենք մեզ տրված բոլոր ձայներին»։