Իրանում հայտնել են այաթոլլա Խամենեիի հուղարկավորության ժամկետները

Իսլամական հեղափոխության զոհված Առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հիշատակի հավերժացման կոմիտեն հայտարարել է, որ հրաժեշտի, հուղարկավորության և թաղման արարողությունները տեղի կունենան Մուհարրամ սրբազան ամսվա առաջին տասնօրյակի ավարտից հետո (հունիսի 26-28-ին):

Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի նահատակության ոգեկոչման շտաբը տեղեկություն է տրամադրել Իսլամական հեղափոխության հանգուցյալ Առաջնորդի և նրա ընտանիքի անդամների պատվին կազմակերպվող հուղարկավորության և հիշատակի միջոցառումների վերաբերյալ:

Նշվում է, որ ներկայում ընթանում են մասշտաբային նախապատրաստական աշխատանքներ՝ բոլոր սգո արարողությունների արժանապատիվ անցկացումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, շտաբը զգուշացրել է ներքին և արտասահմանյան լրատվամիջոցներում սպասվող իրադարձությունների հստակ ժամկետների ու մանրամասների վերաբերյալ շահարկումների և չստուգված տվյալների տարածումից։

Կազմակերպիչները նշել են, որ նմանատիպ լուրերը ապատեղեկացնում են այս պատմական հրաժեշտին մասնակցել ցանկացող քաղաքացիներին, և ընդգծել են, որ նման հրապարակումները ոչ մի հիմք չունեն։

Ըստ հայտարարության տեքստի՝ ելնելով իմամ Հուսեյնի հիշատակին նվիրված սգո ծիսակատարությունների անցկացման ավանդույթին զոհված Առաջնորդի բազմամյա հավատարմությունից, հուղարկավորությունն ու թաղումը տեղի կունենան Մուհարրամ ամսվա առաջին տասնօրյակից հետո, երբ ամբողջությամբ կավարտվի գլխավոր սգո շրջանը՝ Աշուրան։

Կոմիտեում պարզաբանել են, որ որոշումը թելադրված է նաև Մուհարրամի սգո ծիսակատարությունների համատարած պահպանման հանդեպ հարգանք դրսևորելու անհրաժեշտությամբ՝ ինչպես հենց Իրանում, այնպես էլ ամբողջ իսլամական աշխարհում։

Այս պահին վերջնական ժամանակացույցն ու լոգիստիկ հարցերը համակարգվում են համապատասխան պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների՝ բոլոր սգավորների պատշաճ ընդունելությունն ու սպասարկումն ապահովելու համար։ Պաշտոնական միջոցառումների անցկացման վայրի և ժամանակի մասին մանրամասն տեղեկատվությունը շտաբը կհայտարարի ավելի ուշ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *