Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման առաքելությանը

Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման ռազմական առաքելությանը՝ տրամադրելով E-7A Wedgetail հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռ։ Այս մասին ասվում է Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ավստրալիայի պաշտպանության գերատեսչության կողմից։

Փաստաթղթի համաձայն՝ Ավստրալիայի ռազմաօդային ուժերի E-7A Wedgetail ինքնաթիռը կներգրավվի բազմազգ ռազմական առաքելության կազմում, որը կգործի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարությամբ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գործողությունը կունենա բացառապես պաշտպանական բնույթ և կկենտրոնանա Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության ապահովման վրա։

Մեծ Բրիտանիան, իր հերթին, նախատեսում է առաքելությանը մասնակցելու համար տրամադրել Typhoon կործանիչներ, HMS Dragon էսմինեցը, պոտենցիալ սպառնալիքների հայտնաբերման և ուղեկցման համար անօդաչու վերգետնյա սարքեր, ինչպես նաև ծովային ականների որոնման սարքավորում։

Նախարարները նաև վերահաստատել են դիվանագիտական, տնտեսական և ռազմական ջանքերի համակարգման նկատմամբ իրենց հանձնառությունը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունն ապահովելու համար։ Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը և նեղուցի փակումը բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության, էներգակիրների մատակարարումների և էներգետիկ անվտանգության վրա, հատկապես առավել խոցելի պետություններում, ներառյալ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *