Oragir.News-ի հրապարակումից Նոր Նորքի կոյուղաջրե «շատրվանը» վերացվեց

Oragir.News-ի հրապարակումից և քաղաքացիների ահազանգերից հետո լուծվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում գտնվող կոյուղու խնդիրը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ ստեղծված իրավիճակին, որտեղ խցանված դիտահորից կոյուղաջուրը բարձր ճնշմամբ դուրս էր հոսում՝ վերածվելով բառի բուն իմաստով «շատրվանի»։ Տեղի բնակիչները նշում էին, որ խնդիրը շարունակվում է արդեն շուրջ մեկ ամիս՝ անհարմարություններ պատճառելով ինչպես հետիոտներին, այնպես էլ վարորդներին։

Oragir.News-ի հրապարակումից և քաղաքացիների բազմաթիվ ահազանգերից հետո, այսօր՝ հունիսի 11-ին, համապատասխան ծառայությունները ժամանել են տարածք և իրականացրել մաքրման աշխատանքներ։ Խցանված դիտահորը բացվել է, իսկ կոյուղաջրի արտահոսքը՝ դադարեցվել։

Բնակիչները նշում են, որ խնդիրը երկար ժամանակ անուշադրության էր մատնված, սակայն հրապարակումից հետո հարցը ստացել է արագ արձագանք։

Oragir.News-ը շարունակելու է հետևել հանրային կարևորություն ունեցող խնդիրներին և բարձրաձայնել քաղաքացիներին հուզող հարցերը։


Մերի Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *