ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում՝ բուժզննման։ Նա Արցախյան գոյամարտի զինհաշմանդամություն ունի և պարբերաբար բուժման կարիք է ունենում՝ ոսկորի փխրունության վտանգը նվազեցնելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նավրուզյանը հայտնել էր. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին ենթակաները 2021 -ին արդարացվեցին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:
Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որով Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով, որի համար սահմանված վաղեմության ժամկետն անցել է: