Իրանամետ «Հանդալա» հաքերային խմբավորումը հայտարարել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ջրային ենթակառուցվածքներին առնչվող մի շարք համակարգեր կոտրելու մասին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Ըստ հաքերների՝ այս հարձակումը պատասխան էր Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքի ջրամատակարարման օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած վերջին հարվածին։
Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ խմելու ջրի երկու ջրամբարներին հասցված ամերիկյան հարվածի հետևանքով Հորմոզգան նահանգի ավելի քան 20 հազար բնակիչ մնացել է առանց ջրի։ Ի պատասխան դրա, ինչպես ընդգծել է «Հանդալան», «վրեժը հասել է Ամերիկայի սիրտը»։
«Մենք հեշտությամբ կարող էինք անջատել ամերիկյան քաղաքների ջուրը, ճիշտ այնպես, ինչպես ձեր նախագահն արեց Սիրիկում, բայց մեր ուղին այլ է», — ասված է խմբավորման հաղորդագրության մեջ։
Հաքերները պնդում են, որ հասանելիություն են ստացել Կալիֆոռնիայի մի քանի քաղաքների ջրամատակարարման կառավարման համակարգերին ու տվյալների բազաներին և որպես ապացույց հրապարակել են լուսանկարներ։ Նրանք նաև հայտարարել են, որ գործողության ընթացքում ձեռք են բերել շուրջ 5 գիգաբայթ ծավալով տվյալներ։
Իրենց ուղերձում հաքերները հիշեցրել են նաև 2010 թվականին Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված հանրահայտ Stuxnet կիբերհարձակման մասին և զգուշացրել Վաշինգտոնին՝ զերծ մնալ Իրանի դեմ հետագա գործողություններից, այլապես պատասխանն անխուսափելի կլինի։