Հռոմի Պապը Վատիկան է վերադարձել Իսպանիայի թագավորի ինքնաթիռով՝ սեփական չվերթի տեխնիկական խնդրի պատճառով

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը սեփական ինքնաթիռն է տրամադրել Հռոմի Պապ Լևոն XIV-ին այն բանից հետո, երբ տեխնիկական անսարքության պատճառով հետաձգվել է դեպի Վատիկան նախատեսված նրա թռիչքը։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Տեներիֆե կղզում՝ Իսպանիա կատարած հովվապետական մեկշաբաթյա այցի ավարտին։

Պապն արդեն բարձրացել էր «Iberia» ավիաընկերության ինքնաթիռ և հրաժեշտ տվել թագավորին ու պաշտոնատար անձանց, սակայն նստեցումից կարճ ժամանակ անց ստիպված է եղել լքել օդանավը։ Անձնակազմը հայտնել էր տեխնիկական խնդրի մասին և նշել, որ անհնար է այն լուծել արագ ձևով։

Արդյունքում Իսպանիայի իշխանություններն այլընտրանքային տարբերակ են գտել. Սրբազան Քահանայապետի և նրա պատվիրակության մի մասի համար տրամադրվել է երկրի ռազմաօդային ուժերի այն ինքնաթիռը, որը սպասարկում է թագավորական ընտանիքին։

«Թագավորի կողմից օգտագործվող ռազմական օդանավը Պապին և նրա պատվիրակության անդամներին կհասցնի Հռոմ»,- հայտնել են Իսպանիայի կառավարությունից։

Պատվիրակության մյուս անդամներն ու լրագրողները Հռոմ կմեկնեն Մադրիդից հատուկ ուղարկված մեկ այլ չվերթով։

«Iberia» ավիաընկերության փոխանցմամբ՝ ուշացման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը, իսկ ուղևորներին տեղափոխելու համար անմիջապես փոխարինող օդանավ է հատկացվել։

Չնայած պատահածին՝ Իսպանիայի իշխանությունների, թագավորական պալատի և ավիափոխադրողի սերտ համագործակցության շնորհիվ խնդիրը արագորեն կարգավորվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *