Քենթաքի նահանգից հանրապետական սենատոր Միթչ Մաքքոնելը, ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության նախկին առաջնորդը, կիրակի օրը հոսպիտալացվել է, հաղորդում է NBC News-ը։
«Սենատոր Մաքքոնելը այսօր առավոտյան հոսպիտալացվել է։ Նա ստանում է բարձրորակ բժշկական օգնություն»,- հայտարարել է սենատորի մամուլի քարտուղար Դևիդ Փոփը։
Քաղաքական գործչի վիճակի և հոսպիտալացման պատճառների մասին լրացուցիչ մանրամասներ չեն բացահայտվում։
Մաքքոնելը 84 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու այս տարվա ընտրություններին։ Վերջին տարիներին նա բազմիցս բախվել է առողջական խնդիրների։
Այս տարվա սկզբին նա հոսպիտալացվել էր ավելի քան մեկ շաբաթով՝ գրիպին նման ախտանիշներից հետո։ 2023 թվականին նա ուղեղի ցնցում էր ստացել Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ ընկնելու հետևանքով։ 2019 թվականին սենատորը նաև ուսի վնասվածք էր ստացել տանը ընկնելուց հետո։
Վերջին տարիներին նրա առողջական և ճանաչողական վիճակը դարձել էին հանրային ուշադրության առարկա՝ այն դրվագներից հետո, երբ նա հրապարակային ելույթների ժամանակ մի քանի վայրկյան «սառչում» էր և չէր արձագանքում հարցերին, ինչպես նաև այն բանից հետո, երբ նրան տեսել էին Կապիտոլիումի շենքում անվասայլակով տեղաշարժվելիս։
Մաքքոնելը առաջին անգամ Սենատ է ընտրվել 1984 թվականին, իսկ հանրապետականների առաջնորդ է դարձել 2007 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2025 թվականի սկիզբը։