Իտալիայում պաշտոնաթող գեներալը, որին անվանել են «ժամանակակից Հուլիոս Կեսար», հիմնադրել է ծայրահեղ աջ կուսակցություն

Պաշտոնաթող գեներալ Ռոբերտո Վաննաչին կիրակի ներկայացրել է նոր ծայրահեղ աջ քաղաքական կուսակցություն՝ բացահայտ մարտահրավեր նետելով Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին և երկրի աջ քաղաքական դաշտում նրա գերիշխանությանը, հայտնում է Reuters-ը։

Futuro Nazionale անունը կրող կուսակցությունը պաշտոնապես մեկնարկել է հիմնադիր համագումարում, որտեղ Վաննաչին բեմ է բարձրացել աջակիցների «Generale, Generale, Generale» վանկարկումների ներքո։ Կուսակցության գործիչներից մեկը նրան ներկայացրել է որպես «ժամանակակից Հուլիոս Կեսար»։

Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իր շարժումը ներկայացնելու է նրանց, ում ինքը կոչել է «համակարգի մերժվածներ»։

«Մենք ներկայացնում ենք մերժվածներին և համակարգից դուրս մնացածներին ու հպարտանում ենք դրանով», — ասել է Վաննաչին, որը փորձում է աջից խլել ընտրազանգվածը իշխող կոալիցիայից՝ դուրս գալով «Լիգա» կուսակցության շրջանակներից, որը նա ավելի վաղ լքել էր։

Նոր կուսակցությունն արդեն հավաքում է մոտ 5% աջակցություն, ինչը մոտենում է «Լիգայի» ցուցանիշներին և կարող է բարդացնել Ջորջա Մելոնիի ծրագրերը առաջիկա ընտրություններում։

Վաննաչին կոշտ դիրքորոշում ունի միգրացիայի հարցում և հայտարարել է երկրում օտարերկրացիների մասնաբաժինը կտրուկ կրճատելու մտադրության մասին։

«Մենք միգրացիայի ծրագիր չունենք, մենք ունենք ռեմիգրացիայի ծրագիր», — ընդգծել է նա։

Շարժման քաղաքական առաջարկների թվում են Իտալիայի անդամակցության վերանայումը եվրոգոտուն, ԵՄ-ի էկոլոգիական կուրսից (Green Deal) հրաժարումը և միջուկային էներգիայի օգտագործմանը վերադարձը։

Բացի այդ, կուսակցությունը հանդես է գալիս ներքին անվտանգության ուժեղացման, քրեական քաղաքականության խստացման և բանտային համակարգի ընդլայնման օգտին։

«Իմ առաջին առաջնահերթությունը անվտանգությունն ու պաշտպանությունն են։ Զրոյական հանդուրժողականություն հանցավորության նկատմամբ», — հայտարարել է Վաննաչին։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը խոստովանել է, որ իր ծրագիրը վերջնական չէ։

«Ոչ մի պլան չի դիմանում մարտի դաշտում առաջին կրակոցին… այն պետք է հարմարեցվի իրականությանը», — ասել է նա։

Նոր կուսակցությունը կարող է խորացնել պառակտումը իտալական քաղաքականության աջ թևում և ազդել ուժերի դասավորության վրա հաջորդ տարվա ընտրություններից առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *