Բուդապեշտի ոստիկանությունը սկսել է հետաքննություն՝ պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով, կապված Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հոր՝ Դյորդ Օրբանի ընկերությունների և Լորինց Մեսարոշի բիզնես կառույցների միջև կնքված պայմանագրերի հետ, հաղորդում է հունգարական 444.hu պարբերականը՝ հղում անելով մայրաքաղաքի ոստիկանության վարչությանը։
Իրավապահները ստուգում են, թե արդյոք Օրբան ավագին պատկանող Dolomit Kft. ընկերությունը M1 ավտոմայրուղու ընդլայնման համար շինարարական քար է վաճառել V-Híd Zrt. ընկերությանը՝ ուռճացված գներով։
Ընկերությունների հնարավոր կապի մասին հայտնի դարձավ Դյորդ Օրբանի քարհանքերից M1-ի հատվածի շինարարության համար քարի մատակարարումների վերաբերյալ հրապարակումներից հետո։ Աշխատանքները կատարում է V-Híd-ը, որը մտնում է Մեսարոշի բիզնես խմբի կազմի մեջ։ Պատվիրատուն MKIF Magyar Koncessziós Infrastruktúra Fejlesztő Zrt. ընկերությունն է, որը պետությունից ստացել է ավտոմայրուղիների կառավարման կոնցեսիա։ Ընկերությունը նույնպես կապված է Մեսարոշի և Լորինց Սիյարտոյի հետ։
Հունիսին անկախ պատգամավոր Ակոշ Հադհազին հայտարարեց, որ ստացել է փաստաթղթեր, ըստ որոնց՝ Dolomit-ը V-Híd-ին շինարարական քար է մատակարարել շուկայականից բարձր գներով։ Ըստ նրա, արտադրանքի առանձին տեսակներ վաճառվել են գրեթե կրկնակի ավելի թանկ, քան նշված է ընկերության հրապարակված գնացուցակում։
Դրանից հետո Transparency International Hungary-ի իրավական տնօրեն Միկլոշ Լիգետին դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով հետաքննել հնարավոր չարաշահումը։ Կազմակերպությունում նշել էին, որ առանց հաշիվ-ապրանքագրերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրության անհնար է վերջնականապես հաստատել գների ուռճացման փաստը, սակայն եթե պետական միջոցներն իսկապես օգտագործվել են շուկայականից բարձր գներով նյութեր ձեռք բերելու համար, դա կարող էր վնաս հասցնել պետական գույքին։
M1-ի ընդլայնումը ֆինանսավորվում է պետական կոնցեսիայի շրջանակում։ Ընդ որում, ավտոճանապարհային ենթակառուցվածքի պահպանման և զարգացման համար ուղղվող պետական միջոցների ծավալը գնահատվում է հարյուրավոր միլիարդ ֆորինտներով։
Հունգարական ԶԼՄ-ների տվյալներով, Օրբանի ընտանիքին անմիջականորեն պատկանող ընկերություններն անցյալ տարի ստացել են մոտ 3 միլիարդ ֆորինտ շահույթ, որի զգալի մասը վճարվել է սեփականատերերին՝ որպես շահաբաժիններ։