Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դարձել է Հարավային Կովկասի ամենանշանակալի իրադարձություններից մեկը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա այս հայտարարությունն արել է Բաքվում լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ։
Ըստ դիվանագետի՝ հակամարտության կարգավորումը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը կարևոր ձեռքբերում են երկու կողմերի համար էլ։
«Սա իսկապես մեծ առաջընթաց է և կարևոր ձեռքբերում»,- նշել է Հորլեմանը։
Նա ընդգծել է, որ խաղաղ գործընթացին աջակցելը եղել է Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելության առանցքային խնդիրներից մեկը։
Դեսպանը հավելել է նաև, որ կայուն խաղաղությունը բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի շահերից՝ նոր հնարավորություններ բացելով Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար։