Սիցիլիայի Մեսինա քաղաքի Տարածաշրջանային թանգարանից (MuMe) գողացել են Վերածննդի դարաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Անտոնելլո դա Մեսինայի մի քանի ստեղծագործություն։ Այս մասին հայտնել է թանգարանի տնօրեն Մարիզա Մերկուրիոն։
Նրա խոսքով՝ գողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ուշ երեկոյան։ Հանցագործները ներխուժել են ցուցասրահներ՝ շրջանցելով ահազանգման և անվտանգության համակարգերը, և թանգարանից դուրս են բերել Սուրբ Գրիգորիի հայտնի պոլիպտիխի հինգ փայտե վահանակներից երեքը։
Բացի այդ, գողացել են փոքր չափերի երկկողմանի մի նկար, որի մի կողմում պատկերված է Մադոննան, իսկ մյուսում՝ Քրիստոսը՝ փշե պսակով։ Նշված աշխատանքը հանվել է պաշտպանիչ զրահապատ ցուցափեղկից։
«Մենք ցնցված ենք։ Սա մեծ կորուստ է թանգարանի, քաղաքի, համայնքի և արվեստի աշխարհի համար»,- Մերկուրիոյի խոսքերը մեջբերում է Corriere della Sera-ն։
Թանգարանի տնօրենը նշել է, որ գողացված ստեղծագործությունները դա Մեսինայի երկու ամենակարևոր և հայտնի աշխատանքների շարքին են դասվում։ Նա հույս է հայտնել, որ իրավապահներին կհաջողվի բացահայտել և ձերբակալել գողության հեղինակներին։