Ամերիկյան և իրանական կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մինչև 50 օր։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով արևմտյան աղբյուրներին։
«Ծովային անվտանգության ոլորտի արևմտյան հինգ աղբյուրների գնահատականներով՝ սովորական ականորսիչ նավերի և ժամանակակից ստորջրյա անօդաչու սարքերի կիրառմամբ իրականացվող այս գործողությունը կարող է տևել 40-ից 50 օր։ Միայն դրանից հետո ապահովագրական, նավագնացային և նավթային ընկերությունները բավարար վստահություն կունենան նավարկությունը վերսկսելու համար»,- նշված է հրապարակման մեջ։
Այս հնարավոր ուշացումը կարող է կրիտիկական ազդեցություն ունենալ համաշխարհային շուկաների վրա, քանի որ աշխարհի խոշորագույն տնտեսություններում նավթի պաշարները հասել են 2003 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Գործակալության տվյալներով՝ Պարսից ծոցից մատակարարումները փետրվարի 28-ից արգելափակված են, և այդ ամենից զատ՝ նեղուցում կարող է ուշանալ ևս տասնյակ միլիոնավոր բարել հումքի տեղափոխումը։
«Մենք դեռևս կարծում ենք, որ այս պահին տարանցում սկսելը չափազանց ռիսկային է»,- հայտարարել է BIMCO նավագնացային ասոցիացիայի անվտանգության գծով գլխավոր մասնագետ Յակոբ Լարսենը։
Նա ընդգծել է, որ նեղուցի տարածքում ականների սպառնալիքը արդիական կլինի նաև ապագայում։ Լարսենի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել ականներից զերծ և անվտանգ երթուղիներ։