Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է առաջ տանել Հայաստանի նկատմամբ անհիմն տարածքային հավակնությունները և պատմական կեղծարարություններ տարածել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Նախիջևանում ընթանում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» III համագումար-փառատոնը։
Միջոցառմանն ունեցած իր ելույթում Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևը հայտարարել է, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեման ռազմավարական նշանակություն ունի երկրի համար։ Նրա խոսքով՝ այս հարցը կարևոր դեր է խաղում ազգային ինքնության ձևավորման և երիտասարդ սերնդի դաստիարակության գործում։
Նախարարն ընդգծել է, որ այս օրակարգի կյանքի կոչման գործում հատուկ առաքելություն է դրված ինչպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի», այնպես էլ երկրի գիտակրթական հաստատությունների վրա։
Ամրուլաևը նաև նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հետևողական քաղաքականության շնորհիվ Ադրբեջանում մասշտաբային աշխատանք է իրականացվել «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի համակարգված ուսումնասիրության և քարոզչության ուղղությամբ, ինչը, նրա պնդմամբ, արդեն իսկ նկատելի արդյունքներ է տվել։
«Արևելյան Զանգեզուր և Ղարաբաղ վերադարձը ցույց է տալիս, որ պատմական արդարությունը վաղ թե ուշ հաղթանակում է։ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձն իրենց հայրենի օջախներ այն բանի ակնառու հաստատումն է, որ հետևողական ու կենտրոնացված քաղաքականության դեպքում ցանկացած նպատակ հասանելի է»,— հայտարարել է նախարարը։