Երևանի Հերացի և Կորյուն փողոցների հանգույցում, որտեղ առկա են կանաչ տարածքներ, իրականացվում են լայնածավալ ձևավորման աշխատանքներ՝ դեկորատիվ ծառերի, թփերի և մշտադալար բույսերի կիրառմամբ, որի շրջանակում նախատեսվում է նաև այսօր 100 ծառի և թփի տնկում՝ տարածքին հաղորդելով նոր գեղազարդ լանդշաֆտային տեսք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ընդգծել է, որ այս տարի Երևանում իրականացվող ծրագրերում հիմնական շեշտադրումը դրվել է նոր այգիների հիմնման և քաղաքային միջավայրի ձևավորման վրա։ Նրա խոսքով՝ քաղաքային անտառների հիմնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել աշնանը, իսկ մինչ այդ հիմնական աշխատանքները կենտրոնացած են նոր այգիների ստեղծման և կանաչ գոտիների ընդլայնման վրա։
Արմեն Բեգոյանը նշել է, որ Դավիթ Անհաղթ փողոցում նախատեսվում է նոր այգու բացում, որտեղ շաբաթ օրն անցկացվելու է ծառատունկ՝ Երևանի քաղաքապետի և հյուրերի մասնակցությամբ։ Նմանատիպ աշխատանքներ իրականացվում են նաև Ֆիզգարադոկ կոչվող հատվածում, որը նախկինում ամայի տարածք էր և այժմ վերածվում է նոր կանաչ գոտու։
Նրա խոսքով՝ քաղաքում շարունակվում են նաև ձևավորման և տնկարկների ավելացման աշխատանքները, այդ թվում՝ այն հատվածներում, որտեղ հնարավոր է լրացուցիչ ծառերի ու թփերի տեղադրում։
Ներկայում աշխատանքներ են իրականացվում Հերացի և Կորյուն փողոցների հանգույցում, որտեղ, ըստ Արմեն Բեգոյանի, ձևավորվում է դեկորատիվ կանաչ տարածք՝ ֆոտինիա տեսակի ծառերով, գնդաձև թփերով և բիսարդի ծառատեսակներով։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները՝ այստեղ չեն տնկվում մեծ չափերի ծառեր, իսկ ձևավորման հիմնական շեշտը դրվում է դեկորատիվ և անվտանգ լուծումների վրա։
Նրա փոխանցմամբ՝ այս հատվածում իրականացվում են գրեթե ամենօրյա աշխատանքներ, իսկ այսօր նախատեսվում է 100 ծառի և թփի տնկում։Աշխատանքների շրջանակում նաև փոխարինվում է գազոնը, կիրառվում են ծաղկող թփեր և մշտադալար բույսեր՝ այդ թվում գիհու ժայռային և կազակական տեսակներ։ «Ֆոտինիան, որը Երևան է բերվել և փորձարկվել երկու տարի առաջ, արդեն հարմարվել է քաղաքի կլիմայական պայմաններին և հաջողությամբ կիրառվում է կանաչապատման աշխատանքներում»,- նշեց Բեգոյանը։
Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի գլխավոր գենդրոլոգ, բուսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արծվիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ տնկվում են տարբեր տեսակի ծառեր։
Գրիգորյանի խոսքով՝ ներկայում իրականացվում են նաև ոռոգման համակարգերի անցկացման աշխատանքներ, և նախատեսվում է, որ մայիսին տարածքը լիովին ապահովված կլինի ոռոգման ջրով։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ծառատեսակ ընտրվում է՝ հաշվի առնելով Երևանի բնակլիմայական պայմանները, և միայն համապատասխան տեսակներն են կիրառվում քաղաքային միջավայրում։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին կիրառվող բուսատեսակները ցույց են տվել լավ հարմարվողականություն, ինչպես նաև նպաստում են օդի որակի բարելավմանը՝ ապահովելով թե՛ թթվածնի արտադրություն, թե՛ գեղազարդ տեսք ամբողջ տարվա ընթացքում։
Երևանի քաղաքապետարանի տնկարանային վարչության պետ Մամիկոն Սահակյանի խոսքով՝ յուրաքանչյուր ծառատունկ իրականացվում է նախնական ուսումնասիրությունների հիման վրա, ուսումնասիրվում են Երևանի պատմական կանաչապատման փորձը և նոր բուսատեսակների հարմարվողականությունը, որոնք նախ փորձարկվում են տնկարաններում, ապա տեղափոխվում քաղաքային տարածքներ։
Սահակյանը նշել է, որ ֆոտինիան արդեն կիրառվել է Մաշտոցի պողոտայում և արդարացրել է սպասելիքները՝ ապահովելով ինչպես գեղազարդություն, այնպես էլ դիմացկունություն։
Քաղաքապետարանի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ծառատունկի ակտիվ փուլը կշարունակվի մինչև մայիսի կեսերը, որից հետո աշխատանքները կանցնեն ծաղկապատման փուլ։
