Շվեյցարիայում կայացած Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները թույլ տվեցին առաջընթացի հասնել, և դա լավատեսություն է ներշնչում, հայտարարել են միջնորդի դեր կատարող Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները։
«Հաջողվել է հասնել առաջընթացի, ինչը լավատեսություն է ներշնչում», – նշվում է նրանց հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի գիշերը։
Դրանում ընդգծվում է, որ հանդիպման մթնոլորտը եղել է «դրական և կառուցողական»։
Կողմերը նաև համաձայնել են ստեղծել խումբ՝ Լիբանանում հակամարտային իրավիճակները կանխելու համար։
«Ձեռք է բերվել համաձայնություն հակամարտությունների կանխարգելման խումբ ստեղծելու վերաբերյալ։ Դրա կազմում կլինեն ԱՄՆ-ը, Իրանը, Լիբանանը։ Միջնորդները կօգնեն աշխատանքներին», – ասվում է փաստաթղթում։
Խմբի նպատակը կլինի ապահովել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև մարտական գործողությունների դադարեցումը։
«Բոլոր հարցերով տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ Բյուրգենշտոկ հանգստավայրում», – նշվում է հայտարարության մեջ։
Միջնորդները հավաստիացրել են, որ «կշարունակեն անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բանակցությունները շարունակվեն կառուցողական մթնոլորտում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնության հասնելու համար»։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, X սոցիալական ցանցում մեկնաբանելով երկու երկրների հայտարարությունը, նշել է, որ «պակիստանյան և կատարական միջնորդության անխոնջ ջանքերը զգալի առաջընթաց են բերել Լիբանանում պատերազմի դադարեցման գործում»։