Կոլումբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ԱՄՆ նախագահի կողմնակից, փաստաբան Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր առավելությամբ հաղթում է ձախ ուժերի «Պատմական դաշինք» կոալիցիայի ներկայացուցիչ, սենատոր և գործող նախագահի կողմնակից Իվան Սեպեդային, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով ձայների նախնական հաշվարկին։
Քվեաթերթիկների 99,8%-ի հաշվարկի արդյունքներով՝ դե լա Էսպրիելյան ստացել է ձայների 49,7%-ը, մինչդեռ Սեպեդան՝ 48,7%-ը։
Bloomberg-ը տեղի ունեցած ընտրությունները անվանում է «երկրի պատմության ամենալարված և բևեռացված ընտրություններից մեկը»։
Վերջնական արդյունքները պետք է հաստատվեն ավելի դանդաղ, իրավաբանորեն պարտադիր հաշվարկի ընթացքում, երբ ընտրական մարմինները ստուգում են ընտրատեղամասերից ստացված պաշտոնական արձանագրությունները։
Առաջին փուլի արդյունքներով՝ դե լա Էսպրիելյան ստացել էր 44%, իսկ Սեպեդան՝ 41%։
Արդյունքների հրապարակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է դե լա Էսպրիելյային առաջին փուլում տարած հաղթանակի առթիվ և հայտարարել, որ կաջակցի նրա թեկնածությանը երկրորդ փուլում։
Դե լա Էսպրիելյան, որը հայտնի է նաև որպես El Tigre (իսպան.՝ «Վագր»), փաստաբան և գործարար է, որը գրանցել է իր թեկնածությունը իր իսկ ստեղծած «Հայրենիքի պաշտպաններ» շարժումից։ Նա իրեն անվանում է Թրամփի կողմնակից և խոստանում է խիստ պայքարել հանցավորության դեմ։
Սեպեդան փիլիսոփա և իրավապաշտպան է, ձախ ուժերի «Պատմական դաշինք» կոալիցիայի անդամ։ Նա խոստացել էր շարունակել կյանքի կոչել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի «Համընդհանուր խաղաղություն» ծրագիրը՝ երկրի տարածքում գործող տարբեր ապստամբ խմբավորումների հետ խաղաղության համաձայնագրեր կնքելու ուղղությամբ։