Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի տասնյակ բնակիչներ, որոնք դիմել են կառավարության «16 միլիոն դրամով» տուն կառուցելու ծրագրին, փաստի առաջ են կանգնել։ Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեցին, որ Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը միտումնավոր գործընթացը ձգձգում է, որպեսզի փաստաթղթերի ժամկետները լրանան։
«ՔՊ-ական համայնքապետ Հոսոն բնակիչների դեմ է դուրս եկել, թքած ունի կառավարության, սոցապի որոշումների վրա։ Դիմումներին ընթացք չի տալիս, մտնում ենք համայքնապետարան, ասում է՝ ես պետք է որոշեմ, թե ով, որտեղ տուն կառուցի։ Ասաց, թե ինքը Սիսիանում թաղամաս է սարքելու, դրա համար էլ չի ուզում, որ մարդիկ տներ կառուցեն տարբեր հատվածներում։ Այդ ծրագիրը եռամսյա ժամկետ ունի, մնացել է 10 օր, որ մարդիկ թղթաբանությունը հասցնեն ավարտին, բայց համայքնապետը չի անում ու վերջ։ Գորիս քաղաքում նույն ժամկետում են գործընթացը սկսել և արդեն շենքի կեսը կառուցել են, իսկ Սիսանում դեռ թղթաբանությունների փուլում ենք»,- ասացին Սիսիանի բնակիչները։
Նրանց խոսքով՝ խնդիրը վերաբերում է Ծղուկ, Շաքի, Իշխանասար և Գորայք բնակավայրերին։ Բնակիչները փաստացի դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, դարձել են շահառու, բայց չեն կարողանում ավարտին հասցնել փաստաթղթավորումը, որպեսզի սկսեն տների կառուցումը։
NEWS.am-ը այսօր մի քանի անգամ փորձեց կապ հաստատել Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի հետ, վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։