Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին


Սպորտ


Աշխարհի 2026 թվականի առաջնության K խմբի երկրորդ տուրի առաջին խաղում, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի «Էն-Էր-Ջի» մարզադաշտում, Պորտուգալիայի ազգային հավաքականը 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։

«Սելեսաոն» հարցերը լուծեց դեռ առաջին խաղակեսում։ Թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: 17-րդ րոպեին Նունու Մենդեշը տուգանայինից կատարած անվրեպ հարվածով կրկնապատկեց առավելությունը, իսկ 39-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-0։ Ռոնալդուի համար սա աշխարհի առաջնություններում անցկացրած 24-րդ հանդիպումն էր: Այս խաղում հեղինակած դուբլից հետո մունդիալներում խփած նրա գոլերի ընդհանուր քանակը հասավ 10-ի, որոնցից 2-ը՝ ընթացիկ առաջնությունում:

Երկրորդ խաղակեսում պորտուգալացիները չթուլացրին ճնշումը և էլ ավելի մեծացրին հաշվի տարբերությունը։ 60-րդ րոպեին Նեմատովը գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից քիչ առաջ՝ 87-րդ րոպեին, Ռաֆայել Լեաուն խփեց պորտուգալացիների 5-րդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը K խմբի համար նախատեսված է հունիսի 28-ին, Պորտուգալիայի հավաքականը կմրցի Կոլումբիայի, իսկ Ուզբեկստանը ուժերը կչափի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *