Oragir.News-ի հետ զրույցում ակցիայի մասնակից ծնողներից մեկը նշեց, որ իրենց հետ հանդիպումներ եղել են, սակայն որևէ հստակ լուծում չի ներկայացվել։
«Պաշտպանության նախարարությունից մեզ ընդունել են բարձր պաշտոնյաներ, բայց ոչ նախարարը, ոչ փոխնախարարները։ Ամեն դեպքում, հստակ վերջնական լուծում չեն տվել։ Մենք բազմաթիվ նամակներ ենք գրել թե՛ Պաշտպանության նախարարությանը, թե՛ կառավարությանը, բայց ստանում ենք նույնատիպ պատասխաններ՝ նույն տեքստերով, շտապ-շտապ ուղարկված»,- ասաց նա։
Ծնողի խոսքով՝ իրենց կողմից ներկայացվող առաջարկների ծավալը և ստացվող պատասխանների բովանդակությունը անհամաչափ են։
«Մենք գրում ենք 3-4 էջանոց վերլուծություն, առաջարկներ, խնդրանքներ, տարբեր լուծումների տարբերակներ, իսկ մեզ ընդամենը 2 տող են ուղարկում՝ “չի լինի” և վերջ։ Արդեն այս պրոցեսը, անկեղծ ասած, դառնում է անլուրջ»,- ընդգծեց նա։
Նա առաջարկեց խնդրի լուծման համար ձևավորել աշխատանքային խումբ։
«Մի հարցի համար կառավարությունում, նախարարությունում աշխատանքային խմբեր են ստեղծում, իսկ սա ազգային անվտանգության հարց է, երկրի պաշտպանների հարցն է։ Հնարավո՞ր չէ այս հարցին լուրջ վերաբերվել։ Թող կազմեն աշխատանքային խումբ՝ 2-3 հոգով, մեկ ներկայացուցիչ կառավարությունից, մեկ՝ Պաշտպանության նախարարությունից, և հանդիպեն ծնողների հետ»,- նշեց նա։
Ծնողը շեշտեց, որ խնդիրը միայն իրավական չէ, այլ նաև հոգեբանական։
«Այս ամենը մարդկանց մեջ անարդարության զգացողություն է առաջացնում։ Երեխաների հոգեբանական վիճակը խառնված է, ծնողների բարոյահոգեբանական վիճակը՝ նույնպես։ Սա բարդ հարց չէ, կարելի է 1-2 օրում քննարկել, լուծումներ գտնել»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ծնողները պատրաստ են քննարկել տարբեր տարբերակներ։
«Եթե ասում են՝ 24 ամիսը չենք կարող դարձնել 18, թող առաջարկեն այլընտրանքային լուծումներ։ Մենք ինքներս ունենք բազմաթիվ առաջարկներ՝ հարյուրավոր տարբերակներ, թե ինչպես կարելի է մեղմել այս անարդարությունը։ Բայց ոչ ոք չի լսում, շտապ պատասխաններ են տալիս»,- ընդգծեց ծնողը։
Անդրադառնալով նախորդ հանդիպումներին՝ նա նշեց, որ արդյունքը նույնն է եղել։
«Կառավարությունում հանդիպում եղել է, բայց էլի նույն պատասխանն է՝ “չի լինի, անհնար է”։ Նույն ձևակերպումները, որոնք նամակներով ուղարկում են բոլոր ծնողներին»,- ասաց նա։
Խոսելով պաշտպանության նախարարի արձագանքի մասին՝ ծնողը նշեց, որ անձամբ արձագանք չի եղել։
«Սուրեն Պապիկյանից որևէ արձագանք ընդհանրապես չենք ստացել։ Մենք հետևում ենք միայն նրա հրապարակային ելույթներին և ծրագրերին»,- ասաց նա։
Ծնողը նաև անդրադարձավ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին՝ նշելով, որ դրա հիման վրա հնարավոր է որոշակի հաշվարկներ անել։
«Մենք տեսնում ենք, թե ինչ տեմպերով է ավելանում պայմանագրային զինծառայողների թիվը “Պաշտպան հայրենյաց” ծրագրով։ Այդ տվյալները հրապարակային են՝ նախարարի էջում։ Այդ թվերը համադրելով՝ մենք կարող ենք հասկանալ, որ հնարավոր է փոխհատուցել ժամկետային ծառայության կրճատումը»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ ծնողները ևս կարողանում են գնահատել իրավիճակը։
«Մենք էլ կարող ենք հաշվել։ Այդ թվերը վերցնում ենք նախարարի, վարչապետի էջերից, համադրում ենք իրար հետ։ Վերջիվերջո, մաթեմատիկայից և արիթմետիկայից վատ չենք հասկանում»,- եզրափակեց ծնողը։