Հարուցվել է քրեական հետապնդում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի հանքարդյունահանման դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական հետապնդում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի հանքարդյունահանման դեպքի առթիվ

Սյունիքի մարզի Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Վարդենիս քաղաքի երեք բնակիչներ (Լ․Ա․, Կ․Մ․ և Հ․Մ․) ձեռքի հորատման գործիքների միջոցով ապօրինի աշխատանքներ են կատարել Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում գտնվող չշահագործվող հանքախորշերից։

Դեպքի վայրում՝ խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա, հայտնաբերվել և առգրավվել են հագուստներ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև պարկերով լցված հանքաքարեր։

Քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համադրմամբ՝ հսկող դատախազի որոշմամբ նշված երեք անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն),
383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների խախտում)։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ մեղադրյալներից մեկը կալանավորվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը:

Հոկտեմբեր 05, 2026 at 13:54

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *