Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը բարձրացրել է iPad-ների, Mac համակարգիչների, խելացի տան սարքավորումների և Vision Pro խառը իրականության սաղավարտների գները։ Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, այս քայլով ընկերությունը փորձում է փոխհատուցել արտադրական ծախսերի աճը, որն առաջացել է հիշողության չիպերի (RAM) և կուտակիչների (SSD) աննախադեպ դեֆիցիտի պատճառով։
Գների այս համատարած բարձրացումից հետո ընկերության բաժնետոմսերը բորսայում ընկել են 6,2%-ով՝ հասնելով $274,86-ի։ Սա Apple-ի համար դարձել է ամենախոշոր ներօրյա անկումը 2025 թվականի ապրիլի 10-ից ի վեր։
Գների աճը շոշափելի է և տարածվել է գրեթե ողջ հիմնական տեսականու վրա (բացառությամբ iPhone-ների, Apple Watch-երի և AirPods-ների, որոնց գները դեռևս մնացել են նույնը).

Apple-ի պաշտոնական ներկայացուցիչը Bloomberg-ին պարզաբանել է, որ խնդրի արմատը Արհեստական Բանականության (AI) տվյալների մշակման կենտրոնների (Data Centers) կայծակնային ընդլայնումն է ողջ աշխարհում։ Սա առաջացրել է հիշողության չիպերի և կուտակիչների պահանջարկի գերհզոր աճ, ինչի հետևանքով կոմպոնենտների գները բարձրացել են աննախադեպ տեմպերով։
«Ընկերությունը երբեք չի բախվել բաղադրիչների այսքան զգալի և արագ թանկացման հետ։ Մենք երկար ժամանակ պաշտպանում էինք մեր հաճախորդներին գների աճից, սակայն հասանք մի կետի, երբ որոշ ապրանքների թանկացումն արդեն անխուսափելի էր»,- հայտարարել են Apple-ից։
Ինչպես նշում են վերլուծաբանները, սա աննախադեպ իրադարձություն է Apple-ի ժամանակակից պատմության մեջ։ Նախկինում ընկերությունը գները բարձրացնում էր միայն առանձին մոդելների թարմացման ժամանակ, սակայն ընթացիկ սերնդի սարքերի միաժամանակյա և այսպիսի մասշտաբային թանկացում երբևէ չէր գրանցվել։
Ավելի վաղ՝ հունիսի 18-ին, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը նախազգուշացրել էր այս միտման մասին՝ նշելով, որ «գների բարձրացումն ավաղ անխուսափելի է»։ Ընկերությունը նաև ակնարկել է, որ եթե շուկայում չիպերի ճգնաժամը շարունակվի, ապա ապագայում հնարավոր է վերանայվեն նաև մյուս սարքավորումների գները։