Պենտագոնի ղեկավարը, որը պահանջում էր հեռացնել «գեր գեներալներին», անձամբ չի համապատասխանում ԱՄՆ բանակի չափանիշներին

Պենտագոնի 46-ամյա ղեկավարն ու Fox News-ի նախկին հաղորդավար Փիթ Հեգսեթը, ով իրեն ներկայացնում է որպես ծայրահեղ մարզումների կողմնակից և ամեն կերպ ընդգծում է իր «տղամարդկային» կերպարը, սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ իր իսկ մարզական տեսանյութերի պատճառով: Ինչպես գրում է Daily Beast-ը, ռազմական ֆիզպատրաստության փորձագետները ջախջախիչ քննադատության են ենթարկել վարժությունների կատարման այն տեխնիկան, որը նախարարը ցուցադրում է համացանցում:

Հեգսեթը բազմիցս հրապարակավ քննադատել է իր ենթակաների ֆիզիկական վիճակը՝ հայտարարելով, թե «անընդունելի է Պենտագոնի միջանցքներում գեր գեներալներ ու ծովակալներ տեսնելը»։ Նա նույնիսկ առաջ էր քաշում 30-ն անց սպաների տեստոստերոնի մակարդակը ստուգելու նախաձեռնությունը։ Սակայն լրագրողների ու մարզիչների կողմից նրանց մարզումներն ուսումնասիրելուց հետո դրանց վերաբերյալ գնահատականները բավականին հիասթափեցնող դարձան։

The Atlantic ամսագիրը դիմել է պրոֆեսիոնալներին՝ խնդրելով գնահատել «Pete & Bobby» մարտահրավերի տեսանյութերը: Այդ նախագիծը Հեգսեթը թողարկել էր Առողջապահության 72-ամյա նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի հետ (ընդ որում՝ վերջինս մարզվում էր հենց ջինսերով):

Հեգսեթի հայտարարած մարտահրավերն է՝ 50 ձգում + 100 հրում՝ 10 րոպեից պակաս ժամանակահատվածում:

Փորձագիտական ստուգման արդյունքը՝ տեխնիկայի բազմաթիվ խախտումներ:

Փորձագետներն առանձնացրել են Հեգսեթի վարժությունների կատարման կոպիտ աշխատանքային սխալները.

  • Ձգումների ժամանակ Հեգսեթը ծնկները ծալում-սեղմում է կրծքավանդակին և թափահարում մարմինը, որպեսզի ուժասպառ եղած մարմնին լրացուցիչ իմպուլս հաղորդի: Պահեստազորի բրիգադային գեներալ Մորին Լեբյոֆը, ով Վեստ Փոյնթի ֆիզիկական դաստիարակության ամբիոնը ղեկավարած առաջին կինն է, հայտարարել է, որ քննության ժամանակ նրան անմիջապես կհեռացնեին դրա համար։

«Նրա ձգումները կամ հակառակ դիրքով ձգումները, ոտքերի այդ թափահարումները… նման բան երբեք չէին հաշվի»։

  • Դասական՝ ուղիղ դիրքով ձգման փոխարեն նախարարը պարբերաբար կիրառում է հակառակ դիրքով տարբերակը (ձեռքի ափերը դեպի ներս), ինչն էապես հեշտացնում է առաջադրանքը։

  • Հրումների և հորիզոնական դիրքից ծանրաձողի հրումների ժամանակ Հեգսեթը կանոնավոր կերպով «թերի է անում» շարժումը, ինչի պատճառով Պենտագոնից ստացված տեսանյութում ներկաները ստիպված են լինում անդադար կրկնել նրան. «Մինչև վերջ իջեցրո՛ւ, մինչև վերջ բարձրացրո՛ւ»։

  • Որակավորված մարզիչ, պահեստազորի ծովային հետևակային Ջոել Դել Ռոսարիոն նշել է, որ գիրյայով մարոզումներ անելիս Հեգսեթը կքանստում է՝ կոնքազդրային հոդի ճիշտ շարժման փոխարեն, և գիրյան չափազանց ցած է իջեցնում՝ վտանգավոր ծանրաբեռնվածություն ստեղծելով մեջքի համար։

Չափանիշների հեգնանքն ու հանրության արձագանքը

Լրագրող Թոմ Բարթլեթն ընդգծել է իրավիճակի ողջ հեգնանքը. իր՝ 2024 թվականի «Պատերազմ ռազմիկների դեմ» գրքում Հեգսեթը ծաղրում էր կին զինծառայողներին և տրանսգենդերներին՝ թույլ ֆիզիկական պատրաստվածության համար: Մինչդեռ, ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի պաշտոնական 8-էջանոց ուղեցույցի համաձայն, նախարարի ցուցադրած տեխնիկան որակավորվում է որպես «ցածրորակ աշխատանք», որը կարող է հանգեցնել վնասվածքների:

The Daily Beast-ի փոդքասթում հաղորդավարներն ու հյուրերը նույնպես ծաղրել են զինծառայողների տեստոստերոնի մակարդակը ստուգելու Հեգսեթի սևեռուն գաղափարը՝ ենթադրելով, որ «տղամարդկայնության» և մարզական մարտահրավերների վրա նման ընդգծված կենտրոնացումը ընդամենը սեփական բարդույթներն ու իրական արդյունքների պակասը փոխհատուցելու փորձ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *