Քուվեյթի վրա հարձակումը պատերազմի սցենար է. Արաղչի


Քաղաքականություն


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կասկածելի է անվանել Քուվեյթի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները և հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Քուվեյթի ու Իտալիայի իշխանությունների հետ միջադեպի համատեղ հետաքննության անցկացմանը:

«Միջադեպը կասկածներ է առաջացնում և կարծես պատերազմի համար սցենար լինի։ Մենք պատրաստ ենք համագործակցել Քուվեյթի ու Իտալիայի հետ՝ պարզելու միջադեպի պատճառները», – գրել է նա Իքսի իր էջում։ Արաղչին հավելել է, որ երկու պետության ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում ցավակցություն է հայտնել Իտալիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ:

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը և Իտալիայի ԱԳՆ-ն հայտնել էին, որ իրանական մի քանի դրոն է հարձակվել Քուվեյթի ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով զոհվել է Իտալիայի երկու քաղաքացի, ևս երկու մարդ վիրավորվել է:

Իտալիան պատրաստվում է բողոքի նոտա ներկայացնել Հռոմում Իրանի դեսպանությանը: Քուվեյթն էլ միջադեպն անվանել է երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի լուրջ խախտում։

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում Արաղչին Իրանի դեմ ուղղված մեղադրանքները որակել է անհիմն՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը ներգրավված չէ կատարված գործողությանը և որևէ պատասխանատվություն չի կրում դրա համար։

Իրանի զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին էլ հաստատել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանում որևէ ռազմական կամ հարձակողական գործողություն չեն իրականացրել:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *