Հունվար–հունիսին ավելի քան 762 հազ․ մարդ օգտվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծառայություններից

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է շուրջ 1,8 միլիոն մարդու, հայտնել է Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանը։

«Այս թվից ապահովագրական փաթեթի այս կամ այն ծառայություններից օգտվել է 762 404 մարդ։ Փաստացի ապահովագրված յուրաքանչյուր երկրորդ անձն օգտվել է ապահովագրական փաթեթի որևէ ծառայությունից», — ասաց Խարազյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նրա տվյալներով՝ 35 961 շահառու ապահովագրական փաթեթի շրջանակում ստացել է միայն դեղորայք։

Խարազյանը հայտնեց, որ ծառայություններից օգտված մեկ շահառուի հաշվով Հիմնադրամի միջին ծախսերը, առանց դեղերի, վերջին ամիսներին կազմել են շուրջ 60 հազար դրամ։ Հունիսին այս ցուցանիշը հասել է 61 հազար դրամի։

Նրա խոսքով՝ փետրվարից ի վեր համակարգում ամսական գրանցվում է միջինում շուրջ 50 հազար նոր շահառու, որոնք նախկինում չեն օգտվել բժշկական սպասարկման պետական ծրագրերից։

Ապահովագրական փաթեթում ներառված է 2882 բժշկական ծառայություն։ Համակարգի աշխատանքի առաջին վեց ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցումների ծավալը կազմել է 102,4 միլիարդ դրամ։

«Ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է թանկարժեք և անհետաձգելի վիրահատությունների վճարմանը, որոնք կոչված են բարելավելու քաղաքացիների կյանքի որակը և փրկելու նրանց կյանքը», — նշեց Խարազյանը։

Նա ավելացրեց, որ ապահովագրական փաթեթը ներառում է դեղերի շուրջ 1340 անվանում, որոնցից փաստացի նշանակվել է 1160-ը։ Դրանցից օգտված մեկ ապահովագրված անձի հաշվով դեղերի միջին ծախսը կազմում է շուրջ 20 հազար դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *