ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների փոքր առավելությամբ ընդունել է պաշտպանական քաղաքականության վերաբերյալ օրենքի նախագիծը, հաղորդում է Reuters-ը։
2027 ֆինանսական տարվա օրինագիծը, որy զինված ուժերի համար նախատեսում է աննախադեպ՝ 1,15 տրիլիոն դոլարի ծախսեր, ընդունվել է 216 «կողմ» և 212 «դեմ» ձայներով։
Դեմոկրատները դեմ են արտահայտվել Պենտագոնին նման հսկայական գումարների հատկացմանը մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կուսակից հանրապետականները կրճատում են սոցիալական ծրագրերի ծախսերը։
Նրանք դեմ են նաև Իրանի դեմ պատերազմին, որը, Պենտագոնի տվյալներով, արդեն 37,5 միլիարդ դոլար է արժեցել ԱՄՆ-ի համար։
Հանրապետականները հայտարարել են, որ տրիլիոնավոր դոլարների հասնող ծախսերն անհրաժեշտ են Իրանի դեմ պատերազմի ընթացքում բանակին աջակցելու, պաշտպանական համակարգերի մշակումն ու սպառազինության գնումները ֆինանսավորելու, ինչպես նաև զինծառայողներին արտոնություններ տրամադրելու համար։ Այդ ծախսերի թվում են նաև աշխատավարձերի 7% բարձրացումը և զորանոցների ու նրանց ընտանիքների համար բնակարանների կառուցումը։
Դեմոկրատների մտահոգությունը հարուցած ևս մեկ դրույթ էլ վերաբերում է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության էական ընդլայնմանը։ ԱՄՆ որոշ քաղաքական գործիչներ կոչ են անում կառավարությանը կրճատել Իսրայելին տրամադրվող աջակցությունը՝ Գազայում նրա հարվածների հետևանքով պաղեստինցի քաղաքացիական բնակչության շրջանում ծանր կորուստների պատճառով։