Ուկրաինական կողմը չորրորդ «F-16» կործանիչն է կորցրել

Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) ռազմաճակատում ևս մեկ «F-16» կործանիչ են կորցրել։ Զինվորականների փոխանցմամբ՝ ռուսական օդային թիրախների խոցման առաջադրանքն իրականացնելիս ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Օդաչուն ստիպված է եղել կատապուլտվել, իսկ կործանիչը կործանվել է։ Օդաչուին հաջողությամբ էվակուացրել են և տեղափոխել բուժհաստատություն՝ հետազոտման։ Ինքնաթիռի ընկնելու հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում ավերածություններ և զոհեր չեն արձանագրվել։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ հուլիսի 29-ին, դրա պատճառները պարզվում են, նշել են ՈւԶՈւ Օդային ուժերում։

Սա արդեն չորրորդ «F-16» կործանիչն է, որն Ուկրաինան կորցնում է երկիր ինքնաթիռների մատակարարման մեկնարկից ի վեր։ Դրանից առաջ կործանիչը վթարի էր ենթարկվել արտակարգ իրավիճակի պատճառով 2025 թվականի մայիսի 16-ին. օդաչուին հաջողվել էր կատապուլտվել՝ հասցնելով ինքնաթիռը հեռացնել բնակելի տարածքից։ Նույն թվականի ապրիլի 12-ին «F-16»-ի կործանման հետևանքով զոհվել էր 26-ամյա օդաչու Պավել Իվանովը։ Կործանիչի առաջին կորուստը տեղի էր ունեցել 2024 թվականի օգոստոսի 26-ին՝ Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարվածը հետ մղելիս։ Այն ժամանակ մարտում զոհվել էր փորձառու օդաչու Ալեքսեյ Մեսը։ Մինչ զոհվելը, Մեսը հասցրել էր ոչնչացնել երեք թևավոր հրթիռ և մեկ անօդաչու թռչող սարք։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին զոհված «F-16»-ի օդաչուներին հետմահու շնորհել է Ուկրաինայի հերոսի կոչում։

Ավելի վաղ ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել էր, որ ՈւԶՈւ-ն առաջին անգամ «F-16»-ի օգնությամբ ռուսական կործանիչ է խոցել։ Նա մանրամասներ չէր հայտնել, ինչպես նաև չէր հստակեցրել, թե հատկապես ռուսական որ ինքնաթիռն է խոցվել մարտում։ Այնուամենայնիվ, նրա հայտարարությունը համընկել էր ՈւԶՈւ Օդային ուժերի հաղորդագրության հետ, որում զեկուցվում էր արևելյան ուղղությամբ «Սու-35» բազմամպատակային կործանիչի ոչնչացման մասին։

Ուկրաինան ամերիկյան «F-16» կործանիչներն առաջին անգամ սկսել է օգտագործել 2024 թվականի ամռանը։ «Defense Express»-ի տվյալներով՝ այս պահին ՈւԶՈւ-ն ունի շուրջ 39 նման մարտական ինքնաթիռ, որոնք Կիևին են փոխանցել Նիդերլանդները և Դանիան։ Բացի այդ, վեց ինքնաթիռ խոստացել էր մատակարարել Նորվեգիան, իսկ մինչև 53-ը՝ Բելգիան։ Այսպիսով, մինչև 2030 թվականը ուկրաինական բանակի սպառազինության մեջ կարող է լինել մինչև 98 «F-16»։ Ուկրաինան կործանիչներն օգտագործում է հիմնականում ռուսական «Կալիբր» և «Խ-101» թևավոր հրթիռները, ինչպես նաև «Գերան-5» անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *