Այժմ առավել քան երբևէ անհրաժեշտություն է ազգային միասնությունն ու համազգային շահերին նվիրումը․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին․ տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում է շուրջ 900 սկաուտ՝ աշխարհի 26 երկրներից։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ գտնվելով հայրենիքում՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանն ու նվիրական սրբություններին և առավել խորությամբ ճանաչում իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կդառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգևոր ապրումներով, ջերմ տպավորություններով ու բացահայտումներով։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ անդրադարձավ երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստվածսիրությանն ու եկեղեցասիրությանը՝ նշելով, որ հենց այդ արժեքներն են ամուր պահում ազգային կյանքը, միավորում աշխարհասփյուռ հայությանը և զորացնում հայ ժողովրդի հավատն ու հույսը ապագայի հանդեպ։

Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *