Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված մասշտաբային հրդեհներից առաջացած ծուխը կարող է ազդել Բորդոյի գինիների համային որակների վրա։ Այս մասին հայտնում է Parisien պարբերականը՝ հղում անելով փորձագետներին։
«Ծխի համի ի հայտ գալու ռիսկը սերտորեն կապված է նրա հետ, թե արդյոք հողատարածքը գտնվում է հրդեհի գոտում, թե՝ դրա անմիջական հարևանությամբ», — թերթը մեջբերում է Լանգեդոկ-Ռուսիլիոն շրջանի խաղողագործության միջճյուղային տեխնիկական կենտրոնի տնօրեն Մարի Կորբելին։
Հրդեհի հետևանքով առաջացած ֆենոլը թունավոր չէ խաղողի համար, սակայն հատապտուղները պատող մոմաշերտը նյութը կլանում է այն սպունգի պես, նշվում է հոդվածում։ Արդյունքում կարող է ստացվել սառը մոխրի կամ այրվածքի բույրով գինի։
«Այգիների կամ բերքի լվացումը որևէ օգուտ չի տալիս. ֆենոլներն անջատվում են գինեգործության փուլում», — իր հերթին նշում է Dubernet էնոլոգիական լաբորատորիաների ճշգրիտ վերլուծությունների բաժնի ղեկավար Վենսան Բուազան։
Նրա խոսքով՝ հումքի մաքրման միակ լուծումը կարող է լինել ակտիվացված ածխով մշակումը։
Բորդոյի գինեգործների միջճյուղային խորհրդի ներկայացուցիչ Քրիստոֆ Շատոն իր հերթին հավաստիացնում է, որ համի փոփոխության ռիսկերը շատ քիչ են։ Նրա խոսքով՝ դրա համար ծուխը պետք է լինի թանձր, թեժ, իսկ ազդեցությունը՝ համեմատաբար տևական։
Եվրոպան ապրում է վերջին տարիների ամենաշոգ ժամանակահատվածներից մեկը, առավել շատ տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։ Ինչպես հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, երկիրն այս ամռանը բախվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր անտառային հրդեհների ամենամեծ քանակին։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն էլ տեղեկացրել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են շուրջ 150 հազար հեկտար տարածք, ինչի արդյունքում զոհվել է 13 մարդ։