Գերմանիայի կանցլերը արձակուրդին իր հետ վերցրել է Հռոմի պապի ուղերձը ԱԲ-ի՝ մարդկության վրա ունեցած ազդեցության մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը արձակուրդին իր հետ վերցրել է Հռոմի Լևոն XIV պապի՝ արհեստական բանականության և մարդկության վրա դրա ունեցած ազդեցության մասին էնցիկլիկան։

Ինչպես հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը, Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդը հանգստի ընթացքում կարդում է «Magnifica humanitas» («Մեծ մարդկություն») փաստաթուղթը, որը նվիրված է արհեստական բանականության զարգացման էթիկական սահմանափակումներին։

Այս պապական կոնդակը դարձել է Լևոն XIV-ի պոնտիֆիկատի առաջին խոշոր փաստաթղթերից մեկը, որտեղ քննարկվում են տեխնոլոգիաների սրընթաց զարգացման դարաշրջանում մարդու պաշտպանության հարցերը։ Փաստաթղթում կոչ է արվում առավել խիստ վերահսկողություն սահմանել ԱԲ-ի զարգացման նկատմամբ և ընդգծվում է մարդկության համար սպառնալիքները կանխելու անհրաժեշտությունը։

Մերցը, որը կաթոլիկ է, սովորաբար հրապարակային հայտարարություններ չի անում իր կրոնական հայացքների մասին։ Արձակուրդի ընթացքում նրա ընթերցանության ընտրությունն ուշադրություն է գրավել կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո բարդ ժամանակահատվածի ֆոնին։

Գերմանիայի կառավարության 70-ամյա ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ արհեստական բանականությունը միաժամանակ թե՛ մարտահրավեր է, թե՛ հնարավորություն Եվրոպայի խոշորագույն տնտեսության համար, որը արդեն մի քանի տարի բախվում է տնտեսական լճացման շրջանի։

Մերցը հանդես է գալիս Եվրամիությունում ավելի ճկուն կարգավորման օգտին՝ համարելով, որ չափազանց մեծ բյուրոկրատիան կարող է սահմանափակել տեխնոլոգիաների զարգացումը և նվազեցնել Եվրոպայի մրցունակությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *