Իսպանիայի կառավարությունը 25 միլիոն եվրո կհատկացնի այն երեխաներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք առանց ուղեկցության ժամանել են ինքնավար Սեուտա քաղաք ներկայիս միգրացիոն ճգնաժամի ժամանակ․ այդ մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հայտարարել է սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Էլմա Սաիսը։
Նախարարը բացատրել է, որ լրացուցիչ 25 միլիոն եվրոն կավելանա անցյալ տարվա հուլիսին երեխաների և դեռահասների հարցերով համաժողովի ժամանակ արդեն հատկացված 5.5 միլիոն եվրոյին։
«Կառավարությունը եղել է և կմնա Սեուտայի և, հատկապես, ամենախոցելի խմբերի կողքին», – ասել է նախարարը։
Հուլիսի վերջին Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում և սահմանակից է Մարոկկոյին, բախվել է միգրանտների զանգվածային հոսքի։ Քաղաքային իշխանությունները հուլիսի 31-ին հայտնել են, որ ընդամենը մեկ օրում Սեուտա է մտել մոտ 60․000 մարդ։ Ավելի վաղ Սեուտայի կառավարության խորհրդական Ալբերտո Գայտանը հայտնել էր, որ Սեուտայում անչափահաս միգրանտների պահման վայրերը գերբնակեցված են։ Նրա խոսքով՝ քաղաքում ներկայում կա 862 միգրանտ երեխա։