
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Մոսկվայում կքննարկեն Հայաստանին ձայնից զրկելու իրավունքը։
Ու քանի որ, հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, Հայաստանն իր բոլոր ատրիբուտներով ինքն է, մի հարց է առաջանում՝ Ռուսաստանն ո՞նց է պատրաստվում Նիկոլ Փաշինյանին զրկել ձայնից։ Այսինքն՝ ժողովրդական կենդանի լեզվով ասած՝ ո՞նց է նրա բերանը փակելու։
Դա մոտավորապես այնպիսի խնդիր է, ինչպիսին է փորձել լռեցնել մի մարդու, որի խոսափողը միայն բերանը չէ։ Փաշինյանի դեպքում ձայնը վաղուց արդեն բազմաալիք համակարգ է։ Բերանը խոսում է, ձեռքերը՝ մեկնաբանում, ոտքերը՝ շեշտադրում, հոնքերը՝ քաղաքական ենթատեքստ են տալիս։ Նույնիսկ քիթն ու ականջներն են մասնակցում քաղաքական գործընթացին։ Վարդանիկի այն հայտնի անեկդոտի պես՝ բերանը փակեցին՝ ոչինչ, ձեռքերով ու ոտքերով կխոսի։ Եթե ձեռք ու ոտքն էլ կապեք, մի անհանգստացեք․ դեմքի մկանները դեռ խորհրդարանական մեծամասնություն ունեն։
Ավելին՝ Փաշինյանի խոսքի տեխնիկական հնարավորություններն ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ ձայնալարերը նրա քաղաքական գործիքակազմի ամենաթույլ օղակն են։ Նա կարող է խոսել առանց ձայնի, շարժվել առանց հարցի և պատասխանել նույնիսկ այն հարցին, որը դեռ չեն տվել։
Ես նրան հաճախ այլաբանորեն համեմատել եմ Թումանյանի «Անհաղթ աքլորի» հետ՝ հավայի ծուղրուղու կանչող այն աքլորի, որ իր գոյության մասին աշխարհին տեղեկացնում է միայն կանչելով․ չկանչելու տարբերակը պարզապես չի դիտարկում։
Հիմա Ռուսաստանն ասում է՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի ձայնը կարող է սահմանափակվել։ Բայց այստեղ էլ մի փոքր տեխնիկական դժվարություն կա։
Հայաստանի ձայնը կարելի է կտրել ՀԱՊԿ-ում, բայց ո՞վ է կտրելու Նիկոլի ձայնը Հայաստանում։ Եթե նույնիսկ Ռուսաստանը որոշի նրան «կուլ տալ», դեռ հարց է՝ կոկորդով իջնելիս ի՞նչ է լինելու։
Հավանաբար կկանչի՝
— Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ…
Ռուսաստանը՝
— Հանգի՛ստ, արդեն ձայնից զրկել ենք։
Փաշինյանը՝
— Ձայնից՝ հա՛, բայց ես դեռ ժեստեր ունեմ։
Ռուսաստանը՝
— Դե ձեռքերը կկապենք։
Փաշինյանը՝
— Ոտքե՞րս։
— Դրանք էլ։
— Իսկ հոնքե՞րս։
— …
— Քիթս։
— …
— Ականջնե՞րս։
Այստեղ արդեն Մոսկվան ստիպված կլինի ՀԱՊԿ-ի նիստը վերածել անատոմիայի արտահերթ խորհրդաժողովի՝ որոշելու համար, թե մարդու մարմնի քանի՞ անդամ կարող է համարվել ձայնի արտահայտման միջոց։
Իսկ հիմա լսենք Վասիլևին, ով բավական պաշտոնական տոնով ասում է.
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Անհրաժեշտության դեպքում որոշումը կկայացվի կոնսենսուսի միջոցով»։
Այսինքն՝ դեռ ոչինչ որոշված չէ, բայց արդեն կա հրաշալի ռուսական բանաձևը՝ «հավանաբար կքննարկեն»։ Դա դիվանագիտական լեզվով մոտավորապես նշանակում է՝ «հետո կտեսնենք»։ Իսկ քաղաքական հումորի լեզվով՝ «մինչև նոյեմբերի 11-ը թող մի քիչ էլ կանչի, հետո կմտածենք՝ ո՞նց լռեցնենք»։
Միայն թե զգույշ եղեք, պարոնայք։ Մինչև նոյեմբեր այնքան չկանչի, որ Մոսկվայում ՀԱՊԿ-ի նիստի օրակարգում ոչ թե «Հայաստանին ձայնից զրկելու հարցը» լինի, այլ՝
«Ռուսաստանի տարածքում անհետացած փետուրների հետ կապված անհետաձգելի հարցեր»։