Սիրիական Syrian Airlines ավիաընկերությունը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման մասին, հայտնում է «Կոմերսանտը»։
Մոսկվայից Դամասկոս առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 16-ին. ինքնաթիռը Շերեմետևո օդանավակայանից կմեկնի Մոսկվայի ժամանակով 08:10-ին։ Թռիչքի տևողությունը կկազմի մոտ 4 ժամ 50 րոպե։
Ընկերությունում հայտնել են, որ տոմսեր կարելի է ձեռք բերել Syrian Air-ի պաշտոնական կայքի և բջջային հավելվածի միջոցով։ Առաջին չվերթի էկոնոմ դասի տոմսի արժեքը կկազմի մոտ 350 դոլար (մոտավորապես 28,5 հազար ռուբլի)։
Միևնույն ժամանակ, հրապարակման պահին չվերթը դեռ չէր հայտնվել Շերեմետևոյի ժամանակացույցում և բացակայում էր «Aviasales» ծառայությունում։ Syrian Airlines-ի մոտակա հասանելի չվերթի տոմս կարելի է ձեռք բերել «Yandex Travel»-ի միջոցով՝ մոտ 33,3 հազար ռուբլով։
Ռուսաստանի և Սիրիայի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2024 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Բաշար Ասադի կառավարության անկումից և Դամասկոսում իշխանափոխությունից հետո։ Մինչ այդ կանոնավոր չվերթներ էին իրականացնում Syrian Air-ը և Cham Wings-ը։